Գլխատվել են կանանց ու երեխաների աչքի առաջ

Ազնիվ Հարությունյանի պատմությունը
1886 թ., Վան
Անելիա Միքաելյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պաատմությունը: Ազնիվ Հարությունյանր ծնվել էր Վան քաղաքում 1886 թվականի ապրիլի 13-ին: Հարությունյանների վեց եղբոր առանձնատները գտնվում էին Վանի Այգեստանում իրար կողք կողքի: Հենց այդ մեծ ընդհանուր բակում իրենց կանանց և երեխաների աչքի առաջ վեցն էլ գլխատվել են 1894 թվի կոտորածի ժամանակ:
«Տատիկիս կյանքի այս տխուր պատմությունը ուզում եմ սկսել նրա կյանքի վերջին միակ ցանկությունից ` մեկ անգամ էլ Վանը տեսնել, նոր մահանալ…
Ազնիվ Հարությունյանր ծնվել էր Վան քաղաքում 1886 թվականի ապրիլի 13-ին: Հարությունյանների վեց եղբոր առանձնատները գտնվում էին Վանի Այգեստանում իրար կողք կողքի: Հենց այդ մեծ ընդհանուր բակում իրենց կանանց և երեխաների աչքի առաջ վեցն էլ գլխատվել են 1894 թվի կոտորածի ժամանակ:
Այդ ժամանակ թուրքերը ձեռք չտվեցին կանանց և երեխաներին, սակայն ավիրեցին և կողոպտեցին բոլոր տները: Տատիկս ընդամենը 8 տարեկան էր…
Հնարավորություն չունենալով կերակրել իր երկու աղջկան, մեր մեծ մաման՝ տատիկիս մայրը, տալիս է երեխաներին ամերիկյան որբանոց, որտեղ աղջիկները ստանում են համապատասխան ուսում: Տատիկս բացի մայրենի լեզվից սովորել էր անգլերեն, ձեռագործ, ասեղնագործ, գորգագործություն,բայց ամենից շատ սիրում էր գիրք կարդալ: Այնքան էր տարված ֆրանսիական գրականությամբ, որ հետագայւմ նա իր դստրերի համար ընտրել էր ոչ հայկական անուններ՝ Ժորժետա և Կոզետա:
Տատիկիս ամուսնացրել էին շատ փոքր հասակում` տասերեք տարեկանում, և ամուսնու ընտանիքում (շատախցի էին) նրան պահում էին դեռ մի առ ժամանակ որպես իրենց երեխա:
Հասավ 1914 թվականը: Հայ տղամարդկանց պարտադիր հավաքագրում էին թուրքական բանակ, ուր ծառայությունը տևում էր 25 տարի: Պապս մի խումբ հայ երիտասարդների հետ փախուստի դիմեցին: Այդպես նա հայտնվեց Միացյալ Նահանգներում և ընտանիքը կորցրեց նրան …
1915 թվական, ապրիլ ամիս…. Մեծ մամաս իր երեխաների և թոռների հետ, փրկվելով թուրքերի ձեռքից, ճանապարհ էին բռնել դեպի Արաքս գետը, դեպի Արևմտյան Հայաստան: Երեք տարեկան մորաքրոջս կապել էին կովի մեջքին: Արաքսը անցնելուց հետո երեխային երկար ժամանակ փնտրում էին և որոշեցին, որ ջուրը տարել է: Բայց երեխան ողջ էր, նրան գտան կովի փորի տակ…
Երևանում ընտանիքը սենյակ էր վարձել Մանթաշովների տանը, այժմյան Պուշկինի անվան փողոցում լրագրողների տան տեղը: Մեծ մամաս և տատիկս իրենց ձեռքի աշխատանքով պահեցին ընտանիքը: Տատիկս աշխատանք գտավ գորգերի գործարանում` սովորեցնում էր գորգ գործել: Աղջիկները ստացան բարձրագույն կրթություն, մայրս դարձավ բժիշկ, իսկ մորաքույրս` գյուղատնտես-քիմիկոս:
Երկուսն էլ ամուսնացան, հրաշալի ընտանիքներ կազմեցին և երկար տարիներ ապրում էինք մեկ հարկի տակ՝ 9 հոգուց բաղկացած մեծ ընտանիք, որը ղեկավարում և կյանքի ուղի էր ցույց տալիս Ազնիվ Հարությունյանը…»
Աղբյուր` ArmenianGenocide100.org