Հեքիաթներ Ադրբեջանի ռազմատեխնիկայի մասին
Զորակն գիտակրթական-երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ռազմ.ինֆո լրատվական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը «Նորարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձավ սահմանագծում ժամանակակից սարքավորումների կիրառման քննարկումներին՝ ընդգծելով, որ գովազգային բնույթի հայտարարություններ շատ է տեսել, սակայն սարքերի վերաբերյալ սթափ, մասնագիտական վերլուծություն չի եղել:
Վրթանեսյանի խոսքով` խնդիր է նաև ռազմաարդյունաբերության ոլորտ մուտք գործող նոր ընկերություններն, որոնք այնքան էլ լավ չեն պատկերացնում ԶՈՒ պահանջները, որի ցայտուն օրինակ է այն, երբ զինվորականների կոնկրետ հարցերին արտադրողների կողմից շատ անգամ հստակ պատասխաններ չեն հնչել. «Կա նաև հակառակ խնդիրը, երբ պատվիրատուն՝ մեր դեպքում ՊՆ-ն, առաջնորդվում է միջազգային շուկայում գովազդվող այս կամ այն սարքի խիստ լավատեսական պարամետրերով, որը գովազդային փուչիկ է, և ՊՆ ներկայացուցիչները նման անիրատեսական, ֆանտաստիկ պահանջներ են ներկայացրել արտադրողին, և մեր պրակտիկայում նման դեպք եղել է, երբ ամսիներ ծախսվեցին, որ նման ֆանտաստիկ պարամետրերով սարք հնարավո՞ր է ստանալ, թե՞ ոչ:
Պարզվեց, որ հնարավոր է, բայց գործնականում անիմաստ է, ու այդ ժամանակ չինական ապրանք մուտք գործեց, ու նույն ՊՆ-ն գերադասեց չինական ապրանքի հետ գործ ունենալ»,-նշեց նա՝ կոչ անելով, որ արտադրողները ավելի լուրջ ուշադրություն դարձնեն ռազմական ոլորտով զբաղվող անկախ կառույցներին: «Սա հնարավորություն կտա արտադրողներին մի կողմից գումար ու ժամանակ խնայել, մյուս կողմից նոր հնարավորություններ հայտնաբերել, ինչպես նաև որոշ ռիսկերից խուսափել»,-նշեց Կարեն Վրթանեսյանը:
Փորձագետը անդրադարձավ նաև շատ քննարկվող Ադրբեջանի ռազմաարդյունաբերության մասին՝ շեշտելով, որ այն այնքան հզոր չէ, ինչպես հաճախ ներկայացվում է. «4-5 տարի է՝ գովազդվում է կալաշնիկովների գործարանը, ամեն տարի ամենաբարձր մակարդակով հայտարարություններ են արվում, որ արդեն այս տարի սկսվելու է զանգվածային արտադրությունը, այդպես էլ ոչ մի բան չի արտադրվում, բացի մի քանի ցուցանմուշներից»,-եզրափակեց նա: