19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

7 տարեկան երեխան, սարսափելի տեսարաններին չդիմանալով, կորցնում է բանականությունն ու մահանում

Տիգրան Հարությունյանի պատմությունը

Կաղզվան

Արմինե Ալեյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը, որը լսել է իր մորից: Մայրը պատմել է, որ ծնողները ստիպված են եղել գաղթի ուղին բռնել 3անգամ: Երկու անգամ հավատացել են թուրքերի խոստումներին, թե հայերին այլևս չենվնասելու, ու հետ դարձել: Իսկ երրորդ անգամ փախուստը եղել է անդարձ:

«Երբ փոքր էինք, խնդրում էինք մորս պատմել իր ծնողների պատմությունը` չգիտակցելով` ինչքան ցավ ենք պատճառում նրան: Մայրս` Գոհարը, սկսում էր այսպես` արցունքն աչքերին.

«Ծնողներս Կաղզվանից էին՝Տիգրան, Շողեր, ես մի քույր ունեի` Վարդ անունով, նա յոթ տարեկան էր, երբ երրորդ անգամ բռնել են գաղթի ճամփան: Երկու անգամ ճանապարհի կեսից վերադարձել էին` հավատալով թուրքերի խոսքերին, որ այլևս հայերին չեն վնասի: Մայրս` Շողերը, անցել էր իր առտնին գործերին. ամբարած չրերն էր փռել չորանալու, մարմանդ կրակի վրա շարել էր կաթսաները` ձմեռվա յուղը հալելու, իսկ հայրս` Տիգրանը, մեկնել էր ուրիշ քաղաք առևտրական իր գործերով: Միանգամից պայթում է լուրը, որ թուրքերը խոշտանգում, սպանում են հայերին իրենց իսկ տներում:Սկսվում է խուճապահար փախուստը:

Թողած ամեն ինչ` մայրս փոքր Վարդի հետ միանում է գաղթականների խմբին` ճանապարհին կրելով նվաստացումներ, կտտարքներ, բայց նրան մտահոգում էր փոքր աղջկա հոգեվիճակը, որը սարսափահար անընդհատ բղավում էր` խնդրելով մորը, որ չթողնի թուրքերին` իրեն սայլի վրա գցեն: Իսկ սայլի վրա, մահացածներից բացի, կային նաև կենդանի մարդիկ` կիսամեռ, ուժասպառ, որոնց օգնության կանչերը, աղերսները, տնքոցները մարդու սիրտ էին կեղեքում:

Սարսափազդու տեսարաններին չդիմանալով` Վարդը կորցնում է բանականությունը ու մահանում: Նրա փոքրիկ մարմինը ձեռքերի վրա տանում են այնքան ժամանակ, մինչև թուրք բարբարոսները հանգստանալու մի քանի րոպե ժամանակ են տալիս:

Նրան ճանկերով մի թիզ հող են փորում և նրա փոքրիկ մարմինը հողին հանձնում: Մայրս մի փոքր խմբով կարողանում է հասնել Հայաստան: Տեղատարափ անձրևին ինչ-որ այգում ` ծառի տակ, ծնվում է ձեր մեծ մորաքույրը` Ամալյան:

Մանկան ճիչը կարողանում է ձեր տատից վանել անհուսությունը, մեռնելու ցանկությունը, որը այդ օրերին պաշարել էին նրան… Սակայն մի քանի օրից նրան կարողանում է գտնել հայրս, որին օգնել էին թուրք հարևանները` գիշերով հեռանալու իր ծննդավայրից: Նրանք հաստատվել են Բասարգեչարում (Վարդենիսում), ունեցել է 5 զավակ (Ամալյա, Մարիամ, Քնար, Մնաց, Գոհար), սակայն մինչև մահ չեն համակերպվել իրենց ծննդավայրը կորցնելու մտքի հետ, ապրել են հույսով, թե երբևէ կվերադառնան իրենց պատմական հայրենիքը` շեն ու ծաղկուն Կաղզվանը»:

Մայրս դեռ չավարտած իր ծնողների պատմությունը, պատգամում էր մեզ. -Կարդացեք «Կաղզվանը բոցերի մեջ» գիրքը. այն նաև ձեր պապի ու տատի երբեմնի մեծ գերդաստանի պատմությունն է…

Կաղզվանի ծնողների դառը հիշողություններով լի օրերը ոչ մի օր չլքեցին մորս`Գոհարին, և նա մահացավ ծնողների կսկիծը սրտում»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ