04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սա խուլիգանություն է. մի արեք դա, կփոշմանեք

«Սա աշխատուժի տեղաշարժի նկատմամբ հարկ է ավելի շուտ, իսկ եթե վճարում են որպես այստեղի հարկատու, ուրեմն կառավարությունը սխալ է ասում»,-այսօր Ազգային ժողովում «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ՝ փոփոխությունը վերաբերում է նրանց, ովքեր մեկնում են արտերկիր և ուզած- չուզած արտերկրում ձևակերպում են ստանում ու աշխատանքային պայմանագիր կնքում:

«Սա նշանակում է, որ այդ կազմակերպությունը եկամտահարակը ու շահութահարկը տվյալ երկրում է վճարում: Այս նախագծով առաջարկվում է այնպիսի մեխանիզմ, որ մեր քաղաքացիները ոչ թե գնան և այնտեղ գրանցվեն, այլ տվյալ կազմակերպությունը ստեղծվի ՀՀ-ում, որ վարձու աշխատողները պայմանագիր կնքեն մեր երկում, բայց իրավասու լինի ընկերությունը, ոչ թե անհատները»,-ասել է փոխնախարարը:

Բագրատյանը պնդեց, որ այս նախահիծը չի համապատասխանում ԵՏՄ-ի կանոններին: «Սա չի կարող դուր գալ ԵՏՄ մյուս երկրներին, սա խուլիգանություն է: Առաջարկում եմ չանել այս բանը, կփոշմանեք»,-ասաց նա:

«Վարման կարգի վերաբերյալ որևէ բան չլսեցինք»,-արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ երեկ կառավարությունը չտվեց իրենց հուզող մի շարք հարցերի պատասխան, թե ինչ է տալու այս օրենքը և քվեարկելու են ձեռնպահ:  

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շեշտեց, որ այսպես գործ չեն անում, կառավարությունն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ԱԺ-ի նկատմամբ՝ վերջին օրով նման տնտեսական օրենք բերելով ԱԺ: Նա կոչ արեց բոլոր պատգամավորներին, որ եթե արժանապատվություն ունեն, այս քվեարկությամբ մերժեն կառավարության գործելաոճը:

«Արժանապատվությունից քիչ խոսեք»,-հորդորեց ԱԺ նախագահը: ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հավելեց, որ իրականության մեջ այս նախագիծը լավն է, սակայն սխալ է ներկայացվում, ու բացասական ազդեցություն կա հանրության մոտ:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց` իրենք դեմ են քվեարկելու: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց` նախագիծն իսկապես հանրության մեջ սխալ է ընկալվել ու խորհուրդ տվեց.

«Խորհուրդ եմ տալիս այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներին գնահատականներ չտալ այն քաղաքական ուժերին, ովքեր առաջնորդվում են իրենց սկզբունքներով և իրենց տեսլականներով և կոչեր չանել արժանապատվությունների և այլնի:

Յուրաքանչյուր քաղաքական ուժ գնահատում է այնպես, ինչպես հարմար է գտնում: Եթե կան ուժեր, որ սխալ են հասկացել այս նախագիծն ու այլ կերպ են քվեարկելու, դա չի նշանակում, որ պիտի մոլորեցնեն հանրությանը»:

ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը հորդորեց, որ արժանապատվության մասին խոսի նա, ով այն ունի: «Կոռեկտ արտահայտվեք, որպեսզի կոռեկտ պատասխաններ ստանաք»,-ասաց:

Հարցը դրվեց քվեարկության. ընդունվեց 65 կողմ, 16  դեմ և 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Այսպիսով, եկամտային հարկի 13 % դրույքաչափ է սահմանվում այն վարձու աշխատողների համար, ովքեր գործատուների հետ կնքված պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս: Խոսքը վերաբերում է շինանրարական արտագնա աշխատանքներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ