23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքերը այրում էին հայ որբերին

Վարդանուշ Մերգելյանի պատմությունը

1913 թ., Էրզրում

Վարդինե Սարգսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Նրա հորն ու խորթ մորը թուրքերն են սպանել, քրոջն էլ կորցրել է գաղթի ճանապարհին:Արդյունքում հարուստ գերդաստանի զավակը հայտնվել է Եգիպտոսում՝ մանկատանը:

«Տատիկս՝ Վարդանուշ Մերգելի Մերգելյանը (հետագայում՝ Խաչատրյան), 1915թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ էր եղել: Տատիս գերդաստանը բնակվել է Էրզրում նահանգի Աղվերան գյուղում: Տատիկիս հայրը՝ Մերգելը, առևտրական էր, մեծահարուստ նահանգում ճանաչված մարդ էր: Մի անգամ իրենց գյուղով եպիսկոպոսի թաղման թափոր է անցնելիս լինում, ում տանում էին հարևան գյուղում թաղելու, թափորը երկար ճանապարհ կտրելով՝ հոգնած և քաղցած է լինում, տատիս հայրը ժողովրդին հրավիրում է, իրենց տան այգում սեղան փռում, կերակրում և նոր ճանապարհում:

Տատս հիշում էր, որ երբ 1915թ. թուրքերը մտել են իրենց տուն, մեծերը երեխաներին թաքցրել են ներքնակների տակ, և ոճրագործները չգտնելով իրենց փնտրածը՝ մանկահասակ երեխաներին, դաժան հաշվեհարդար են տեսել հոր հետ՝ բուխարու միջից վերցնելով վառվող փայտը` գցել են տաբատի մեջ: Նրա մայրը լինելով ճանաչված հեքիմ՝ բուժում է որդու վերքերը, ոտքի կանգնեցնում: Բուժվելուց հետո Մերգելը բարձրանում է սարերը ու ընկնում է դարանակալ թուրքի յաթաղանից: Տատիկիս հարազատ մայրը վաղ էր մահացել, երբ երեխաները փոքր են եղել՝ 2-3 տարեկան։ Նրա պատմելով, օրենք կար, ըստ որի՝ երբ ինչ-որ մեկը մահանում էր, հոգեվարքի ժամանակ մի բաժակ ջուր էին տալիս տան ավագ երեխայի ձեռքը, որպեսզի խմացներ իր ծնողին: Տատս լինելով տան ավագը՝ ջուրը տվել է մորը, մայրը խմել է այդ ջրից և մահացել: Որոշ ժամանակ անց հայրը երկրորդ անգամ է ամուսնացել, կինը տատիկիս և քրոջը` Սանդուխտին, վերաբերվել է հարազատի պես և շատ լավ է խնամել նրանց:

Սկսվել է հայերի տարհանումը, տատիս ընտանիքը ևս բռնել է գաղթի ճանապարհը: Թուրքերը աղջիկների աչքի առջև սպանել են խորթ մորը ու տատին: Օրեր անց ճանապարհին նրանք տեսել են, որ մի թուրք վաճառում է կնոջ հագուստ, երեխաները ճանաչելով իրենց մոր շորերը (լինելով մեծահարուստի կին, թանկարժեք հագուստ է ունեցել և գաղթելիս ցնցոտիների տակից հագել է իր ամենաընտիր շորերը)՝ մոտեցել են, կանգնել արյունոտ հագուստի կողքին ու լացել: Վաճառող թուրքն անմիջապես ճանաչել է երեխաներին, մի կտոր հաց տալով նրանց ձեռքը` ուղարկել է ամբոխի մեջ, ասելով՝ գնացեք, այստեղ մի կանգնեք: Այդպես երկու քույր իրար ձեռք բռնած`խառնվել են ամբոխին և շարունակել ճամփան: Ճանապարհին գտել են իրենց հորեղբոր կնոջը, ում կրոնավոր ամուսնուն ևս թուրքերն սպանել էին: Հորեղբոր կինը շատ հյուծված, հոգնած ու ուժասպառ, այլևս չկարողանալով գրկում պահել ու կերակրել քաղցած նորածին փոքրիկին, անզորությունից երեխային դրել է ձորի բերանին և հեռացել, այդպես երեխաները կորցրել են նրան: Տատս մինչև իր կյանքի վերջը պատմում էր, որ ականջներից այդ անմեղ փոքրիկի լացի ձայնը դուրս չի գալիս: Ճանապարհին տատս կորցնում է նաև քրոջը, մնում բոլորովին մենակ։

Այդպես հասել են Եփրատ գետին, գետի ափին բավականին շատ թթենու ծառեր են եղել և, ինչպես պատմում էր տատս, սոված ժողովուրդը թութ ուտելով՝ հագեցրել է իր քաղցը: Գետը լի էր դիակներով, այնպես, որ անցնելիս ստիպված քայլում էին դիակների վրայով: Ջուրն ամբողջովին կարմիր էր, և այնպիսի տպավորություն էր, որ ջրի փոխարեն արյուն էր հոսում: Այդպես քայլելով՝ հասնում են Խարբերդ, պահակները չեն թողնում, որ ժողովուրդը մտնի քաղաք, բայց տատս աննկատ առանձնանում է ամբոխից ու մտնում քաղաք:

Հանկարծ մի սոված շուն հարձակվում է նրա վրա և քարշ տալիս: Երեխայի բղավոցից և լացի ձայնից մարդիկ խառնվում են և մի կերպ փրկում: Տեսնելով, որ որբ է և գնալու տեղ չունի, տեղացի մի հույն կին, ով քաղաքի մեծահարուստների դերձակն էր, վերցնում է երեխային, տանում իր տուն և խնամում է: Անցնում է մի որոշ ժամանակ, տատիկս սկսում է ընկերանալ բակի երեխաների հետ:

Օրերից մի օր բակի երեխաները տատիս ասում են, որ իր տիրուհին շատ համեղ հորած պանիր է պատրաստում, և առաջարկում են՝ պանիրը դուրս բերի, որ ուտեն, նա էլ կճուճով պանիրը բերում ու բաժանում է սոված երեխաներին: Տուն վերադառնալով՝ տանտիրուհին տեսնում է, որ պանիրը չկա, բարկանում է և նրան դուրս շպրտում: Ո՞ւր գնար խեղճ որբուկը․ օրեր շարունակ այդ կնոջ տան մոտից տեղ չէր գնում և գիշերում էր նրա հավաբնի վրա: Գյուղապետը նկատելով, որ աղջնակն ամբողջ օրը թափառում է և գիշերում է փողոցներում, նրան տանում է իր տուն, որպեսզի նա խնամի իր երեխաներին, բայց ինչպե՞ս կարող էր երեխաներ խնամել, երբ ինքն էր երեխա և գրեթե նրանց հասակակակից: Օրերով լացում է ու ոչինչ չի ուտում, գյուղապետը տեսնելով տատիկիս ապրումները՝ թողնում է, որ վերադառնա հույն դերձակուհու մոտ։ Ձմեռվա կեսին փայտե ոտնամանները դնելով թևի տակ, ձյան միջով ոտաբոբիկ վազելով՝ ուրախացած վերադառնում է նախկին տիրուհու մոտ:

Երբ Խարբերդում ամերիկյան որբանոց է բացվել՝ հույն տիրուհին նրան տարել է այնտեղ: Տնօրինությունը որոշում է կայացնում, որ որբերին պետք է նավով տեղափոխեն Եգիպտոս: Այդպես նրանք որբերին նստեցնում են նավ և ուղևորվում դեպի Եգիպտոս: Ծովի մեջտեղում թուրքերը հրդեհում են նրանց նավը և սկսվում է խուճապ։ Վերմակներն ու ներքնակները սկսվում են վառվել, և ստիպված են լինում դրանք նետել ծովը, հետո տեսնելով, որ կրակն ուժեղանում է, նավի անձնակազմը հրամայում է երեխաներին իջեցնել նավի ներքնահարկ: Նավում է լինում նաև մի կրոնավոր, որը որբերին հորդորում է՝ ծնկի իջնել, վերցնել իրենց խաչերը և աղոթել: Երեխաներն այնքան են աղոթում, որ առանց այն էլ հյուծված որբերը հոգնում են ու հատակին քնում: Առավոտյան արթնանալով՝ տեսնում են, որ նավում ամեն ինչ կարգին է, կրակը մարված է: Այդպես հասել են Եգիպտոս, որտեղի որբանոցում տատս իր լավ ու վատ օրերն ապրել է իրեն բախտակից որբերի հետ:

Երբ լրանում է 12 տարին, նրան որդեգրում են Եգիպտոսում բնակվող հայեր՝ քույր և եղբայր, որպեսզի նա խնամեր իրենց ծեր, անկողնային հիվանդ մայրիկին: Նոր ընտանիքում շատ լավ են վերաբերվել տատիկիս: Նրանք այնքան սեր ու հոգատարություն են տվել, ինչպես իրենց հարազատ երեխային կտային և նրա համար արել են ամեն ինչ, անգամ իրենց հետ տարել են տարբեր քաղաքներ՝ շրջագայության: Տարիներ անց Վարդանուշը հանդիպում է իր նման որբ Լևոնին, ով Խարբերդից էր և մեծացել էր գերմանական որբանոցում: Ամուսնանում են, կազմում են շատ համերաշխ և երջանիկ ընտանիք, ունենում են երեխաներ, գալիս Հայաստան, ապրում են Երևանում: Սակայն էրգրի կարոտը միշտ նրանց սրտերում էր»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ