Պարենք միասին
Այսօր` ապրիլի 29-ին, նշվում է որպես պարի միջազգային օր: Այս օրը նշվում է1982 թ.-ից՝ Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ:
Հայկական ազգային պարարվեստը ունի հազարամյակների պատմություն և սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում` Պատմական Հայաստանի գոյության հեթանոսական ժամանակներում: Պարը հանդիսացել է հայ ժողովրդի բնավորության և գեղագիտական մտածողության ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը և արտացոլում է հայ ժողովրդի ազգային բնավորությունը, հոգեկան աշխարհը, բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը:
Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր էթնիկ պարարվեստը` շեշտված ազգային ոճով: Հայկական ազգագրական պարարվեստի հիմնական գծերը պահպանվել են արդի հայկական խմբակային, տղամարդկանց և կանանց ազգային և ժողովրդական պարերում:
Տղամարդկանց մոտ, որպես տեխնիկապես աշխույժ, կենսախինդ, առնական և կանանց մոտ շարժումների ազնվականության և խորաթափանցության մեջ, որտեղ բյուրեղացվել է հայ կնոջ հոգեկան խառնվածքը, պատշաճությունն ու աշխարհիկ գեղեցկությունը:
Հայ ազգային պարի մասին հստակ պատկերացում կազմելու համար նրա սոսկ նկարագրությունը բավարար չէ, անհրաժեշտ է դիտել և հատկապես` մասնակցել նրանց: Ստորև ներկայացնում ենք հայկական մի քանի պարեր:
Յարխուշտա
Յարխուշտան պարում են երկու հակառակորդ խմբի բաժանված և յուրաքանչյուր մարտիկ պարում է մյուս խմբի դեմ-դիմաց կանգնած մարտիկի հետ, նրա հետ զույգ կազմելով: Պարը կարելի է բնութագրել նաև որպես մարտնչող զույգերի խմբական կատարում:
Յարխուշտայի հիմնական պարաքայլն ընդմիջվում է հակառակորդ զույգերի ծափերով և մեկ ոտքի ծունկը գետին զարկելով:
Պարաձևերն հերթագայում են մեկը մյուսին, ավանդական պարին բնորոշ սահմանված կարգով, սակայն առկա է նաև ազատ իմպրովիզացիան, հատկապես շրջանով պարի ժամանակ: Պարողները կարող են մինչև հաջորդ մարտաշարք – միզանսցեն ձևավորելը առանձին պտույտներ կատարել տեղում կամ շարժմամբ, ծափ տալ, ձեռքերն իջեցնել կամ այլ դիրքեր ընդունել: Դա պարի այն հատվածն է, երբ մարտիկները կարծես թե տրամադրվում են, նախապատրաստվում հարձակման և սկսվում է այն պահից, երբ մարտաշարքերը քանդվում են:
Քոչարի
Քոչարին Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է։ Քոչ արմատը ըստ երևույթին կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի-խոյի- գոչ, ղոչ և խոչ անվանումների հետ։ Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղ ածականը՝ համարձակ, խիզախ, քաջ։
Այժմ հայ ժողովրդի ամենասիրած պարատեսակներից մեկը կարելի է համարել Քոչարին, հրապուրիչ իր պատկերավոր գունագեղությամբ և առնական դինամիկայով…
Թեկուզև պարողները չեն այլևս հիշում իրենց ամենասիրելի պարատեսակներից մեկի նախկին “Խոյ – այծային” բովանդակության մասին, ինչպիսին որ Քոչարին է։ Ժամանակն ու հետագա շերտավորումը չկարողացան ամբողջովին համահարթել նրա նախասկզբնական (վաղնջական) ձևը։
Քոչարի պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել՝ կոնսերվացվել են հնագույն շարժումների շարժական արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը , խոյերի ու այծերի, պոզահարման, այծամարդու շարժումները, ինչպես մինչ այժմ պահպանվել է հայոց լեզվի հնագույն արմատները։ Շարժումների նմանակումը առավել վառ արտահայտված է առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, ասես կտրուկ թափ առնելու և ծնկները կտրուկ շտկելու, իրանը առաջ թեքելով, ասես ախոյանին(ոսոխին) պոզահարելու համար։
Լորկէ
Լորկէ անվանման ճշմարիտ մեկնությունը կարելի է բացատրել Լոր թռչունի անվանումով, փաղաքշական լորիկ, որն էլ վկայում է, որ այն վերապրուքն է լորի պատվին տոտեմական պարերի:
Լոր, Լորիկ, Լորիկի հեշտությամբ կարող էին վերածվել Լորկէ , իսկ քրդերենում Լյուլկէ – գիշատիչ թռչուն: Իսկ քրդերեն Լորկէ-ն թարգմանաբար հայերեն նշանակում է շորորվիր, ինչը մեկ անգամ ևս մատնանշում է վերապրուք կապը թռչունների տոտեմների հետ:
Հիշեցնենք, այսօր Ազատության հրապարակում ժամը 19:00-ին Կարին պարի խումբը համազգային պարի երեկո է հրավիրել: