”Ժողովուրդ, դուք շոումեն չեք, զբաղվեք ձեր գործով. սառը պատերազմ դատավորների եւ փաստաբանների միջեւ
Փաստաբանների պալատը` հունիսի 11-ին հայտարարել է գործադուլ: Նրանք դժգոհ են դատավորների գործելաոճից: Ըստ փաստաբանների, դատավորներն ինչ ուզում` անում են, եւ հիմա պետք է արգելվի ցանկացած կամայական վճիռ կամ որոշում: Մեր զրուցակից փաստաբանները, իհարկե, հասկանում են, որ դատավորները նաեւ պատվեր են կատարում, սակայն պատվերն էլ պետք է “օրենքի սահմաններում անեն եւ խելքին մոտիկ”:
Դատավորներն էլ իրենց հերթին ատամները սրած սպասում են գործադուլին: Նրանց կարծիքով, պալատի գործադուլ նախաձեռնող փաստաբանները, քիչ թե շատ լինելով իրավաբան, նկատել են, որ, հայտարարելով գործադուլ, այս եղանակով կոպտորեն խախտում են աշխատանքային օրենսգիրքը: Թերեւս հենց սա է պատճառը, որ իրենց գործադուլի հայտարարման տեքստում փորձել են մանեւրել եւ այդ միջոցառմանը տվել են վերապատրաստում անունը:
Սակայն PR ակցիան ավելի հնչեղ դարձնելու նպատակով, այնուամենայնիվ, նրանք չեն խուսափել “գործադուլ” բառն օգտագործելուց: Ըստ մեր զրուցակից դատավորների, Հայաստանում գործադուլների իրավական կարգավորումը սահմանված է Աշխատանքային օրենսգրքով: Նույն օրենսգրքի 74-րդ հոդվածից դատավորները հետաքրքրիր եզրակացությունների են հանգել եւ ցանկանում են ներկայացնել իրենց գործընկեր փաստաբաններին:
Գործադուլ կարող են կազմակերպել կազմակերպությունները, այն դեպքում, եթե բացակայում է այդ կազմակերպության արհեստակցական միությունը: Ընդ որում, գործադուլ կազմակերպելու համար պահանջվում է հատուկ որոշում, որը պետք է ընդունվի, եթե գործադուլ են պահանջում կազմակերպության աշխատողների առնվազն 2/3-ը: Ակնհայտ է, որ չի տրվել դրա համաձայնությունը, ինչի վկայությունը հենց փաստաբանների տարածած գործադուլ անցկացնելու հաղորդագրությունն է:
Նշված հաղորդագրությամբ հայտնվել է, որ հունիսի 4-ի դրությամբ սպասվող գործադուլին են միացել մոտ 100 փաստաբան: Սա խոսում է այն մասին, որ գործադուլը ապօրինի է: Դատավորների կարծիքով` հավաքվել են ընդամենը 5 փաստաբան, ստեղծել հանձնախումբ, եւ իրենց իրավունք են պահել որոշում ընդունել Հայաստանի ամբողջ փաստաբանների 2/3-ի անունից:
“Ի՞նչ է սա, եթե ոչ ճնշում մնացյալ փաստաբանների նկատմամբ, այսինքն` ակնհայտ է դառնում, որ փաստաբանների պալատը ոչնչով չի զիջում խիստ կենտրոնացված ոստիկանության համակարգին: Պարզապես, ոստիկանության կենտրոնացված լինելու հանգամանքը օրենքով է սահմանված, իսկ փաստաբանների համակարգը օրենքով պետք է լինի ամբողջությամբ անկախ:
Այս ամենից հետո արդարացիորեն կարող ենք հանգել այն կարծիքին, որ գործադուլ կազմակերպ-ած եւ անցկացնող փաստաբանները կոպտորեն խախտում են թե’ ՀՀ Սահմանադրությունը, թե’ “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքը”,-ասում են Henaran.am-ի զրուցակից դատավորները:
Նրանք նաեւ փաստաբաններին հիշեցնում են, որ գործադուլով վերջիններս հնարավոր է ոտնահարում են այն մարդկանց իրավունքները, որոնց պաշտպանում են եւ հնարավոր է ապօրինի գործադուլի պատՃառով նրանց պաշտպանյալները մեկ օր ավել անցկացնեն բանտում:
Ի դեպ, ըստ դատավորների, փաստաբանները չեն համաձայնի իրենց հետ, կասեն, որ իրենք չեն առաջնորդվում Աշխատանքային օրենսգրքով: Այստեղ, սակայն ի հայտ է գալիս մի այլ օրենսդրական ենթակետ` գործադուլի միակ կարգավորումը սահմանված է աշխատանքային օրենսգրքում:
Փորձեցինք փաստաբաններից ստանալ մեկնաբանություններ: Նրանք նշեցին, որ ոչ մի ենթաօրենսդրական կետ չեն խախտում. Համադրում են “Աշխատանքային” եւ “Քաղաքացիական” օրենսգրքներն ու գործադուլ անում: Գործադուլին մասնակցելու են այն փաստաբանները, ովքեր հունիսի 11-ին դատական նիստի են:
“Որ դատավորների ոչ ճիշտ աշխատանքի պատճառով մեղադրյալը ամիսներով մնում է անազատության մեջ, դա` ոչինչ, հիմա որ մի օր մենք չենք աշխատելու, ասում են կոչ են անում մտածել մեր պաշտպանյալների մասին”,-հակադարձում են փաստաբանները:
Հ. Գ. Մնում է խորհուրդ տալ թե դատավորներին, թե փաստաբաններին.”Ժողովուրդ, դուք շոումեն չեք, զբաղվեք ձեր գործառույթներով”: