Հայաստան Ճապոնիա փոխգործակցությունը զարգացնելու ներուժ կա. ՀՀ նախագահը հանդիպել է Ճապոնիայի վարչապետին
Շարունակվում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա: Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 6-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ:
Հանդիպման սկզբում նախագահը նախ ցավակցություն է հայտնել արքայազն Տոմոհիտո Միկասանոմիյայի մահվան կապակցությամբ:
Հանրապետության նախագահը եւ Ճապոնիայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նրանք երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները զարգացել են բարեկամության եւ փոխվստահության մթնոլորտում:
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Նոդայը նշել են, որ երկու երկրների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Հատկապես կարեւորվել են բնական աղետների կանխարգելման, դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ համագործակցությունը եւ փորձի փոխանակումը: Համագործակցության առումով հեռանկարային են համարվել նաեւ գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտները:
Ճապոնիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը մտադիր է միջազգային հանրության հետ կիսվել ատոմակայանների անվտանգության բարձրացման հետ կապված փորձով, եւ այդ նպատակով երկուստեք կարեւորվել է Ճապոնիայի հետ Հայաստանի համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջեւ արդյունավետ եւ փոխաջակցության ոգով զարգացող փոխգործակցությանը եւ կարեւորել դրա շարունակականությունը:
Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ հայ-ճապոնական քաղաքական երկխոսությունը վերջին շրջանում ակտիվացել է, ինչի վկայությունն է նաեւ Տոկիոյում ՀՀ դեսպանության բացումը, կարեւորվել է Հայաստանում եւս Ճապոնիայի դեսպանատան հիմնումը: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հարավկովկասյան եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների արդի հիմնահարցերը՝ արձանագրելով դրանց խաղաղ եւ բանակցային ճանապարհով լուծման երկու երկրների մոտեցումերի ընդհանրությունը: