Աբսուրդի թատրոն. նախկին նախագահներին նշանակելու է խորհրդական
Էպոսագետ Վարդան Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ ինքը մրցունակ թեկնածու է եւ անպայման առաջադրվելու է: Սակայն, նա նույնը չի մտածում ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասին` համոզված լինելով, որ Սարգսյանը չի առաջադրվելու /թեեւ արդեն առաջադրվել է-խմբ./:
Լրագրողների պարզաբանմանը, թե արդեն այդ մասին պաշտոնական հայտարարություն եղել է, նա նկատեց: “Այո, բայց ինքը չի ասել, իր բերանից նման նախադասություն չի հնչել: Խոսել են Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահը, ՀՀԿ կառույցներում քննարկել են, բայց դա լրիվ ուրիշ բան է: Այսինքն` ասելն այլ է, առաջադրվելը` այլ”,-հայտարարեց Վարդան Սեդրակյանը:
Վերջինս նախագահ ընտրվելու պարագայում, առաջին հրամանագրերով, Հայաստանի նախկին երեք նախագահներին նշանակելու է իր խորհրդականներ: “Արդյոք նախկին նախագահները կցանկանան աշխատել նրա հետ” հարցին` Սեդրակյանը պատասխանեց. “Կարծում եմ, քանի որ իրենք նախագահ եղել են, լավ գիտեն, թե ինչ է նշանակում նախագահի հրամանագիրը, չեմ կարծում, թե նրանցից որեւէ մեկը չցանկանա կատարել նախագահի հրամանագիրը”:
Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը որոշել է վճարել իր եւ “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավները:
Թեկնածուն լրագրողներին ասել է, որ այդ փողերը մաքուր փողեր են: “Թող ձեզ այդքան չմտահոգի իմ փողերի հետ կապված հարցը, մեր երկրում կան համապատասխան կառույցներ, որոնք խնդիրների առաջացման դեպքում կարող են ստուգել ու ձեզ տեղեկացնել, այնպես ինչպես Օսկանյանի դեպքում էր”,-ասաց նա լրագրողներին: