28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչու է ԱՄՆ-ը կրճատում Հայաստանի ֆինանսավորումը. պարզաբանում է դեսպանատունը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը  հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, թե ինչու է կրճատվում ՀՀ–ում իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը:

Հաղորդագրությունում ասվում է.

«ԱՄՆ դեսպանությունը  ներկայացրել է 2015 բյուջետային տարում ԱՄՆ կառավարության օժանդակության  մասով նախանշվող փոփոխությունները, որոնք գործողության մեջ կմտնեն 2015թ. հոկտեմբերից:

Միացյալ Նահանգների օժանդակության բյուջեն արտացոլում է ազգային անվտանգության ընթացիկ ու նորահայտ մարտահրավերները, նախագահ Օբամայի քաղաքականությունը եւ զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, դաշնակիցների ու գործընկերների առաջ անվտանգության առումով ստանձնած մեր հանձնառությունները եւ մեր ջանքերն ուղղված հակամարտությունների կանխարգելմանը, զանգվածային բնաջնջման զենքերի չտարածմանը եւ խաղաղապահ գործունեությանը: Վերջին տարվա նոր գլոբալ առաջնահերթությունների ու զարգացումների արդյունքում (այդ թվում էբոլայի հետ կապված ճգնաժամը, Իսլամական պետությունը, Սիրիան եւ Ուկրաինան) դժվարին որոշումներ պետք է կայացվեն մեր օժանդակության ծրագրերի վերաբերյալ ամբողջ աշխարհում: Այս նոր առաջնահերթություններից բխում է,  որ աշխարհի շատ երկրներին, այդ թվում՝ Եվրոպային ցուցաբերվող օժանդակության ծավալները  զգալիորեն նվազում են: Ահա այս համատեքստում էլ կատարվել է Հայաստանին ուղղվող ֆինանսավորման կրճատում: Մեր որոշակի օժանդակության ծրագրերի գծով ֆինանսավորման կրճատումը պայմանավորված է մեր բյուջետային իրողություններով ու ի հայտ եկած գլոբալ առաջնահերթություններով, եւ դա որեւէ կերպ կապված չէ մեր իրականացրած ծրագրերի որակի կամ հայ-ամերիկյան բարեկամության ամրության հետ:

Հայաստանին ուղղվող ֆինանսավորման կրճատումը կանդրադառնա թե ԱՄՆ ՄԶԳ-ի, թե Դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի վրա: Կրճատումների գումարային չափը առայժմ դեռ պարզ չէ, սակայն Դեսպանությունը պլաններ է մշակում որոշ նոր ծրագրերի կրճատման կամ որոշ ծրագրեր ավելի արագ ավարտին հասցնելու վերաբերյալ:

Չնայած այս կրճատումներին ԱՄՆ ՄԶԳ-ը ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը 2013թ. մշակված հայաստանյան ռազմավարությամբ վերհանված գերակա ուղղություններով, որոնց ձեւավորման հարցում իրենց ներդրումն են ունեցել ՀՀ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը եւ մեր հայ գործընկերները: Այս գերակա ուղղությունները ներառում են. տնտեսական աճ գյուղի զարգացման ոլորտում, տուրիզմ, ջրային եւ էներգետիկ անվտանգություն ու կառավարում, մարդկային կապիտալի զարգացում,    տեղական ինքնակառավարման բարեփոխումներ, հակակոռուպցիոն աշխատանքներ եւ երեխաների պաշտպանություն:

Դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակը կշարունակի իրականացնել ժողովրդական դիվանագիտության ծրագրեր, որոնք խթանում են Հայաստանի հաշտեցումը հարեւան երկրների հետ, եւ ծրագրեր Ժողովրդավարության հանձնաժողովի դրամաշնորհների ծրագրի շրջանակում, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը, ժողովրդավարական գործընթացներին եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մեծացմանը Հայաստանում:

Ամերիկյան կառավարության օժանդակությունն ուղղվում է նաեւ մեր երկկողմ համագործակցության այլ ոլորտների, որոնց թվում են շարունակական աջակցությունն ընթացակարգերի մշակման հարցում, որոնք ապահովում են Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործումն ու Հայաստանի ավելի մեծ էներգետիկ անվտանգությունը, արդարադատության ոլորտի ամրապնդումը եւ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ կառույցների կարողությունների ամրապնդումը, ինչպես նաեւ ընտանեկան բռնությունների նոր ստորաբաժանման կարողությունների զարգացման նպատակով ոստիկանների ուսուցումը: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը եւս շարունակում է սերտորեն աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ հայ խաղաղապահների կարողությունների զարգացման եւ պաշտպանական բարեփոխումների հարցում:

1992թ.-ից ի վեր Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլարի օժանդակություն»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ