Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն ամուսնացել է
Հունիսի 10-ին կայացավ աշխարհահռչակ “System of a Down” խմբի վոկալիստ հայազգի Սերժ Թանկյանի հարսանիքը: Աշխարհահռչակ երաժշտի կինը դարձավ Անժելա Մադաթյանը Վանաձորից:
Հարսանիքը կայացել է Մալիբու մերձափնյա շրջանում` Լոս-Անջելեսից 10 մղոն հեռավորության վրա: Արարողությունը փակ է եղել, սահմանափակ թվով հյուրերին չեն թույլատրել լուսանկարել կամ տեսախցիկով նկարահանել:
Հարսանիքի հայտնի հյուրերի թվում են եղել ջազային երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը եւ ստեղնաշարային գործիքներ նվագող Վարդան Հովսեփյանը:
Սերժ Թանկյանը ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մետալ վոկալիստը: “System of a Down”-ի գործունեության դադարումից հետո նա 2 սոլո ալբոմ է ձայնագրել` “Elect the dead”-ը եւ “Imperfect Harmonies”-ը: 2010-ի նոյեմբերին Թանկյանը հայտարարեց խմբի վերամիավորման մասին:
Թանկյանը նաեւ “Axis of Justice” հասարակական կազմակերպության հիմնադիրն է, որն զբաղվում է քաղաքական ոլորտում երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ: Կազմակերպությունը մեծ ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: