Ռոմանոսի չստացված «փիառը»
Իրավունքը գրում է. «Օրերս Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվեց հատուկ շնորհակալություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Եկեղեցուն տրամադրված հոսանքի զեղչի համար։
«Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարչի համապատասխան հրամանի, ընկերությունը 2025 թվականի դեկտեմբեր եւ 2026 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին կսուբսիդավորի Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու էլեկտրաէներգիայի ամբողջ ծախսի 50 տոկոսը», – շնորհակալությանը կից՝ հրապարակվել է ՀԷՑ ՓԲԸ-ի գրությունը:
Առաջին հայացքից նույնիսկ կարելի է հուզվել, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որն ամենուր փորձում է կաթողիկոսի անունը զեղչել, ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը զեղչում է Եկեղեցուն տրամադրված հոսանքի վարձը: Բայց իրականում պարզվում է՝ որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, ինչի մասին «Իրավունք»-ը զրուցեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար ԴԱՎԻԹ ՂԱԶԻՆՅԱՆԻ հետ:
«Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հատակը տաքացվող է եւ ձմռան ամիսներին միշտ լուրջ խնդիրներ էին ունենում, քանի որ հոսանքը շատ-շատ էր ծախսվում: Երկար տարիներ մենք ձմեռվա ամիսների վարձը զեղչում էինք, խոսքը միլիոնավոր դրամների մասին է: Ընդ որում՝ ոչ թե 50 տոկոսի, այլ շատ ավելին, ամբողջությամբ ծախսը վերցնում էինք մեզ վրա, բարեգործականով էր փոխանցվում: Բացի դրանից, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ներքին տնտեսության հարցն ենք լուծել, որը բավականին վատթար վիճակում էր, անընդհատ հոսանքն անջատվում էր եւ այլն: Ներքին տնտեսությունը, որը մեր գործառույթների մեջ չէր մտնում, բավականին մեծ միջոցներ են ներդրվել եւ լուծվել է այդ հարցը», – ընդգծեց Ղազինյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ










































