12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայաստանի բնակչությունը խեղդվում է պարտքերի մեջ

168.am-ը գրում է.

Վերջին տարիներին վարկային շուկան Հայաստանում չափազանց բարձր ակտիվություն է ցուցաբերել։ Մեծաքանակ վարկեր են տրամադրվել, ինչի հետևանքով քաղաքացիների վրա վարկային բեռը կտրուկ ավելացել է։

Այսօր Հայաստանում դժվար է գտնել ընտանիք, որը վարկերի տակ չլինի։ Քաղաքացիները վարկեր են վերցրել՝ ինչպես սոցիալական կարիքներից դրդված, այնպես էլ՝ իրենց կենցաղային պայմանների բարելավման ու այլ ակնկալիքներով։ Արդյունքում՝ վարկային բեռը չափազանց ծանրացել է։

Վերջին տվյալներով՝ բանկերում Հայաստանի ռեզիդենտների վարկերի պորտֆելը հասել է 20 մլրդ դոլարի։ Այդ գումարի մեծ մասը քաղաքացիների պարտքն է, որը մի քանի տարում անգամներով ավելացել է։ Ավելացել է՝ ինչպես հիփոթեքային, այնպես էլ՝ սպառողական ու այլ վարկեր վերացնելու հետևանքով։

Քաղաքացիների հիփոթեքային վարկերի ծավալը, նախորդ մի քանի տարիների ակտիվ վարկավորումից հետո, անցել է 1.6 տրիլիոն դրամի սահմանը։ Տարադրամով  արտահայտված՝ տնային տնտեսություններն այս վարկի գծով բանկերին գրեթե 4.4 մլրդ դոլարի պարտքեր են կուտակել։ Միայն անցած տարի հիփոթեքային վարկերն ավելացել են ևս մի քանի հարյուր միլիոն դոլարով։ Դրանով հանդերձ, սակայն, այս շուկայում նախորդ շրջանի վարկային ակտիվությունը բավականաչափ թուլացել է։ Պահանջարկը սկսել է տեղի տալ։ Այդպիսի վարկերի աճի տեմպը զգալիորեն դանդաղել է։ 2024թ. 1 մլրդ դոլարից ավելի հիփոթեքային վարկ էր տրամադրվել։ Մինչդեռ՝ 2025թ. նույն ժամանակահատվածում այդ վարկերն ավելացել են 509 մլն դոլարով։

Աճի տեմպը կիսով չափ դանդաղել է։ Անցած տարի 540 մլն դոլարով պակաս հիփոթեքային վարկեր են տրամադրվել, քան 1 տարի առաջ։ Մի բան, ինչը պայմանավորվել է առաջին հերթին՝ Երևանում եկամտային հարկի վերադարձով բնակարանների ձեռքբերման ծրագրի դադարեցումով, ինչպես նաև վերադարձվող գումարների չափերի կրճատումով։

Ինչպես հայտնի է, իշխանություններն իրենց հիփոթեքային վարկերի պահանջարկը լիուլի բավարարելուց և սեփական բնակարանային խնդիրները լուծելուց հետո, որոշեցին կրճատել այն գումարների չափերը, որոնք եկամտային հարկի շրջանակներում կարող են վերադարձվել հիփոթեքով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին։ Նախկին 1.5 մլն դրամից՝ եռամսյակային վերադարձը չափը, նվազեցվեց մինչև 750.000 դրամի։

Հիփոթեքային վարկերի ակտիվության վրա որոշակի ազդեցություն թողեցին նաև այն սահմանափակումներն ու խստացումները, որոնք, հաշվի առնելով կուտակված ռիսկերն ու գերտաքացման երևույթները, դրվեցին նման վարկերի տրամադրման վրա։

Այս գործոնները բերեցին հիփոթեքային վարկերի որոշակի «սառեցման», բայց դրանք դեռևս գտնվում են ակտիվության բավական բարձր տիրույթում՝ անվանական արտահայտությամբ աճի տեմպով զիջելով միայն սպառողական և շինարարության ոլորտի վարկերին։ Վերջին շրջանում շինարարության ոլորտը դարձել է բանկերի վարկային միջոցների տեղաբաշխման հիմնական թիրախներից մեկը։ Շինարարության և հատկապես բնակարանային շինարարության ակտիվությունը, որը տեսնում ենք, հիմնված է հիմնականում վարկերի վրա։

Սնկի նման ավելացող շենքերը գերազանցապես վարկային միջոցներով են։

Մի կողմից՝ շինարարական կազմակերպություններն են վարկեր վերցնում շենքեր կառուցելու համար, մյուս կողմից էլ՝ քաղաքացիներն են վարկեր վերցնում՝ այդ շենքերում բնակարաններ ձեռք բերելու համար։

Ստացվում է՝ այս ամբողջ պրոցեսը, որը երբեմն շինարարական բում են անվանում, իրականացվում է գերազանցապես վարկային միջոցների հաշվին, ինչն էլ մեծացնում է համակարգային փլուզման վտանգները՝ անկախ նրանից, թե դա որ հատվածում կարող է տեղի ունենալ։ Հիփոթեքային ու շինարարական վարկերի նման տեմպերով ավելացումը լուրջ ռիսկեր է պարունակում։ Այդ ռիսկերը կարող են դրսևորվել տարբեր պարագաներում, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ովքեր են այդ վարկերի ու ձեռք բերված բնակարանների հիմնական շահառուները։

Հիշեցնենք, որ խոշոր շահառուներից մեկն էլ իշխանություններն են ու նրանց շրջապատը։ Վաղը, երբ նրանք կորցնեն իշխանությունը, զրկվեն այն բարձր եկամուտներից, որոնց հաշվին իրենց թույլ են տվել արտոնյալ պայմաններով հիփոթեք վերցնել, բնակարաններ ձեռք բերել ու պետական բյուջեից միլիոնավոր դրամների փոխհատուցում ստանալ, իրավիճակը կտրուկ սրվելու է։

Այսօր, արտաքնապես հանդարտ թվացող՝ հիփոթեքային ու շինարարության վարկերի շուկաները գտնվում են բարձր ռիսկի գոտում։  Թեև անգամ նման բարձր ռիսկերի պարագայում բանկերը շարունակում են ինքնամոռաց ֆինանսավորել այդ շուկաներն ու ավելացնել վարկային ճնշումը։

Վարկային ճնշումը, սակայն, միայն այս շուկաներից չի գալիս։ Արագորեն ավելանում է սպառողական վարկերի ծավալը։ Վերջին տվյալներով, այն անցնում է 1.8 տրիլիոն դրամից՝ համարժեք լինելով 4.7 մլրդ դոլարի։

Միայն 2025թ. քաղաքացիների սպառողական վարկերն ավելացել են գրեթե 1.1 մլրդ դոլարով։

Մանրամասները` սկզբնաղբյուրում

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ