«Տունը տրաքավ ու փլեց հղի հարսիս վրա … ». ով կստիպի «ՀայՌուսգազարդ»-ին /վիդեո/
Արարատի մարզի Այնթափ գյուղի 12-րդ փողոց 10-րդ տուն հասցեում գտնվող տունը վայրկյանների ընթացքում վերածվեց ավերակների: Պետրոսյանների 8 անձից բաղկացած ընտանիքի անդամները հայտնվեցին փողոցում: Դրան գումարվեց նաև հոգեկան ծանր ապրումներն ու ֆիզիկական վնասվածքները: Արտակ Պետրոսյանի մարմնի մեծ մասը այրվածքներով է ծածկված, երիտասարդ տղան երկրորդ կարգի հաշմանդամ է:
Պետրոսյանները արդեն երրորդ տարին է «ՀայՌուսգազարդ»-ից պահանջում են վնասի փոխհատուցում, սակայն որևէ պատասխան չեն ստանում: Դեպքից առաջ ընտանիքի անդամները զգացել են, որ գազի արտահոսք կա ու դիմել են համապատասխան ծառայությանը: Շրջիկ փականակագործները եկել, բայց որևէ բան չեն հայտնաբերել:
«Ասեցին հոտը փողոցով անցնող մագիստրալիցա, հետո էլի մասնագետ կգա: Ես գիշերը՝ ժամը մեկի սահմանում, իմ ննջասենյակում սիգարետ ծխեցի՝ տունը տրաքավ ու ամբողջ պատը փլեց հղի հարսիս վրա, եղբորս կինը 6 ամսական հղի էր, ես 70 օր պառկեցի հանրապետական հիվանդանոցում, երկրորդ կարգի հաշմանդամ եմ»,-պատմեց Արտակ Պետրոսյանը:
Արտակի կյանքը փոխվեց, փոխվեց նաև ամիսներ անց ծնված մանկան կյանքը: Երեխան կրում է իր վրա սարսափի հետքերը: Հորեղբոր փոխանցմամբ՝ ճչում է ու լալիս առանց պատճառի:
Պետրոսյանները համոզված են, որ ՀՀ կառավարությունը կարող է ստիպել, որ «ՀայՌուսգազարդ»-ի նախկին պատասխանատուները վնասի փոխհատուցում տան:
«Էսքան ժամանակ փողոցներում ենք, մեզ ծայրահեղ քայլերի են հասցնում: Ինչ անենք բենզին բերենք լցնենք մեր վրա վառենք, որ ղեկավարների ուշադրությունը գրավենք: Մենք չեն ուզում դա անենք, մանավանդ էս ամիսը, որ խայտառակ չանենք ազգը»,-ասաց Արտակ Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: