Կառավարությունն ու իշխանության քարոզչությունը մի թեզ են դրել շրջանառության մեջ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կառավարությունն ու իշխանության քարոզչությունը մի թեզ են դրել շրջանառության մեջ, թե իբր արցախցիներին առաջարկվել է արդյունավետ բնակարանային ծրագիր, իսկ այդ մարդիկ նախընտրում են պետության գումարներով վարձով բնակվել:
Ըստ պաշտոնական թվերի, շուրջ 900 մարդ բնակարանային սերտիֆիկատ է ստացել, սակայն տուն գնելու հնարավորություն մոտ 100-ն են ստացել:
Փոխվարչապետը սա ուրախալի լուր է համարում, նշելով, որ մարդիկ այնքան մեծ ընտրություն ունեն, որ դեռ փնտրում են: Իսկ իրականությունն լրիվ այլ է` խիստ մտահոգիչ:
Մարդիկ ծրագրից չեն օգտվում, որովհետև տրվող գումարները համահունչ չեն շուկայական գներին, հատկապես երբ խոսքը վերաբերվում է Երևանին ու մերձական մարզերին:
Բնակարանային գները նույնիսկ երկրորդական շուկայում բավականին բարձր են և ես մեծ թվով շահառուների հետ տարբեր սցենարներ ու ելքեր քննարկել եմ:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ բանկերն էլ իրենց հերթին խնդիր են ստեղծում` դա վերագրելով կառավարությանը:
Խոսքն, օրինակ, վերաբերվում է բնակարանների կանխավճարին:
Մարդը Երևանում 30 մլն դրամի շրջանակներում 2 սենյականոց տուն է գտնում, վերցնում իր ընտանիքի 4 անդամի համար նախատեսված 12 մլն դրամանոց սերտիֆիկատը, գնում բանկ, իսկ այնտեղ ասում են, որ սերտիֆիկատի գումարը կանխավճար չի համարվում, պետք է տան գնի 10%-ի չափով գումար վճարել` 3 մլն դրամ, որպեսզի դիտարկեն վարկավորման հնարավորությունը:
Սա դեռ խոսում եմ այն արցախցիների մասին, ովքեր այստեղ գումար են վաստակում և կարող են վարկ փակել:
Կամ ասում են, եթե բազմազավակ ընտանիք է` մեծ գումար կստանան բնակարանի ձեռք բերման համար: Իսկ որևէ մեկը չի «հիշում» այն մասին, որ բազմազավակ ընտանիքի համար մեծ քառակուսի ընդգրկող բնակարան է պետք, իսկ դրա գինն անհամեմատ բարձր է:
Կարճ ասած, այս ծրագրի շրջանակներում հնարավորությունը հիմնականում սահմանամերձ մարզերում ապրելու ցանկություն ունեցողների համար է, որտեղ տների գինն անհամեմատ ցածր է, իսկ պետությունն էլ այդ դեպքում, մի անձի հաշվով 5 մլն գումար է տալիս:
Կամ էլ կկարողանան ծրագրից օգտվել այն մարդիկ, ովքեր դեռ հետ գցած գումար ունեն և պետության առաջարկած գումարին ավելացնելով տուն կգնեն, իսկ սոցիական ծանր կամ մինիմալ պայմաններ ունեցողները կմնան «կոտրած տաշտակի» առաջ:
Մի հանգամանք էլ. մարդիկ բնակարան են փնտրում այնտեղ, որտեղ նաև աշխատանքի հարց կլուծեն: Կան բնակավայրեր, որտեղ կարելի է տան հարց լուծել, սակայն աշխատանքի լուրջ խնդիր կա և դա ևս մեծ խոչընդոտ է այնտեղ տուն գնելու ու հիմնավորվելու համար:
Իշխանությունն այս ու բազմաթիվ հարցերի լուծումները գտնելու փոխարեն զբաղված է հասարակության մեջ ատելության դոզան բարձրացնելու և արցախցիների դեմ ուղղելու գործով»: