Կոչ եմ անում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներիս որևէ կերպ չմասնակցել այդ կրկեսին․ Տարոն Մարգարյան

Տարոն Մարգարյանը կոչով դիմել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներին․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ինչպես գիտեք, Ազգային ժողովի վաղը մեկնարկող հերթական նիստերի օրակարգում ներառված է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված իմ դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։ Այս օրերի ընթացքում թե՛ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը, թե՛ փաստաբաններս՝ ամենատարբեր հարթակներում, պարզաբանել են ապօրինի «քրեական գործի» մանրամասները։
Այս ամենն իմ դեմ արդեն 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրվագն է՝ կեղծիքի ու փոքրոգության շքերթ, որի միակ նպատակը ինձ ու ընկերներիս մեր արդար պայքարից հետ պահելն է։
Այսօրվա կառավարիչները բոլորին իրենց արշինով են չափում՝ չհասկանալով, որ մեր նվիրական նպատակների համեմատ դրանք չնչին զրկանքներ են։ Ոչ ոք, ոչ մի շինծու քրեական գործ չի՛ ստիպի ինձ հետ կանգնել պայքարից։ Ակնհայտ սարքված քրեական գործերն ինձ չեն մտահոգում, ինձ մտահոգում է, թե հայրենիքիս նկատմամբ ի՞նչ հերթական դավադրությունից են ուզում ուշադրություն շեղել այս շոուների միջոցով։
Մեծ է ցանկությունը հենց Ազգային ժողովի ամբիոնից բացահայտել այս գործընթացի իրական դրդապատճառներն ու փաստերը, բայց դրանով ես մասնակից կդառնամ օրվա կառավարիչների քարոզչական բեմականացմանը։ Ճշմարտությունն արդեն վաղուց ակնհայտ է բոլորին և դրա բարձրաձայնման դեռ շատ առիթներ կլինեն, բայց ոչ այս թատրոնի շրջանակներում։ Մեկ է՝ գործը «կարելու» հրամանը տրված է, իսկ քվեարկությունը զուտ ձևական բնույթ է կրում։
Ուստի, կոչ եմ անում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներիս որևէ կերպ չմասնակցել այդ կրկեսին»։