Ադրբեջանը վերջին 5-6 օրերին, համակարգային ձևով խախտում է հրադադարի ռեժիմը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանը վերջին 5-6 օրերին, համակարգային ձևով խախտում է հրադադարի ռեժիմը ճակատի տարբեր ուղղություններով և փորձում այն վերագրել հայկական կողմին:
ՊՆ արձագանքն այն մասին,թե իրենք հաղորդագրություններ են տալիս միայն «վտանգավոր կրակոցների» ժամանակ, պարզ լեզվով ասած, նշանակում է, որ խախտումներ կան, բայց դրանք անկանոն բնույթ են կրում:
Սահմանագծի այն ուղղությունները, որտեղ այս օրերին Ադրբեջանն ակտիվ է, արձանագրվել է մի օրինաչափություն: Դրանք բոլոր տեղերում արձանագրվում են գրեթե նույն ժամերին և նույն պարբերականությամբ, ինչը ևս ապացուցում է, որ դրանք համակարգային և ծրագրավորված բնույթի են կրում:
Իշխանությունը սխալ, ես կասեի` նույնիսկ վտանգավոր, դիրք է բռնել` դրանք հաղորդագրություններով չփոխանցելու առումով, որովհետև և´ բանակցային առանձնահատկությունների, և´ հանրության հետ ճիշտ հարաբերությունների կառուցման, և´ օբյեկտիվ իրադրային գնահատականի տեսանկյունից, ճիշտը պաշտոնական տեղեկատվության փոխանցումն է:
Ադրբեջանն այս քայլով տարբեր խնդիրներ է լուծում, որոնցից կառանձնացնեմ 3-ը:
Առաջին`սպառնում է, որ Հայաստանի կողմից իր հաջորդ պայմանների չկատարումը կբերի առաջնագծի «տաքացմանը»:
Երկրորդ` իր պահանջների կատարման նպատակով ճնշում և ահաբեկչության մեթոդներ գործադրում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների վրա, դրանով իսկ փորձելով ազդել ողջ հասարակության վրա:
Երրորդ` թշնամու անկանոն կրակահերթերին չարձագանքելը իր մեջ ռիսկեր է պարունակում` բացասական ազդեցություն թողնելու զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա:
ՊՆ-ն իր չարձագանքելն անուղղակի հիմնավորում է` «սադրանքի առիթ» չտալու հանգամանքով, ինչի հետ համաձայն չեմ, որովհետև եթե Ադրբեջանը նպատակ դնի սրելու իրադրությունը և սադրանքների գնալ, ապա նա անպայման առիթը կգտնի» :