Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը որևէ կերպ չի արծարծվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում․ ՀՀԿ ԳՄ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել․
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝
– Ողջունելով Շվեյցարիայի Դաշնային Ժողովի վերին պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձին վերաբերող նախագծի ընդունումը,
– Շնորհակալություն հայտնելով Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին հայ ժողովրդի հանդեպ մշտապես ցուցաբերվող ուշադրության եւ համերաշխության համար,
– Բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի նկատմամբ բոլոր միջազգային դերակատարների եւ գործիչների ջանքերը,
– Շահագրգռված լինելով Հարավային Կովկասում իրական, արդար եւ կայուն խաղաղություն հաստատելու հարցում,
– Հիմք ընդունելով շվեյցարական խորհրդարանի կողմից վերը նշված փաստաթուղթը
ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է՝
– Ի հակառակ Հայաստանի եւ Ադրբեջանի գործող իշխանությունների հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ,
– Լեռնային Ղարաբաղի հայությունը ենթարկվել է ցեղասպանական գործողության՝ էթնիկ զտման,
– Մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը խնդրի լուծմանն ուղղված լրացուցիչ ձեւաչեփերը կարող են իրենց նպաստը բերել կարգավորման հարցում,
– Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները եւ հիմքերը առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում,
– Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը որևէ կերպ չի արծարծվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում, ինչը օրվա կառավարիչների միակողմանի զիջողականության հերթական դրսևորումն է
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, հետապնդելով բացառապես հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը, շարունակելու է ԼՂ հիմնախնդրի եւ արցախահայության անվտանգ եւ երաշխավորված վերադարձի հարցերը ներկայացնել եւ պաշտպանել իրեն հասանելի միջազգային ձեւաչափերում» ։