Բաքվի «դատավարությամբ» Ադրբեջանը փորձում է խոցելի դարձնել Հայաստանը. «պապկաները» կարող են օգտագործել ՀՀ-ի դեմ ռազմական գործողությունները լեգիտիմացնելու համար
![](https://henaran.am/wp-content/uploads/2025/02/Տիգրան-Աբրահամյան-13.jpg)
168.am-ը գրել էր, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանն և մյուս հայ գերիներին առաջադրված շինծու մեղադրանքներով Բաքվում ընթացող դատավարության շրջանակում ադրբեջանական պետական մեղադրողը հիշել է նաև Ապրիլյան պատերազմն ու հուլիսյան մարտերը, իսկ «Գյանջայի դեպքերով» սլաքն ուղղել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «ՀՀ տարածքից է հրթիռային հարված հասցվել Գյանջայի ուղղությամբ»:
Ի՞նչ հետևություններ պիտի անել սրանից, որքանո՞վ է սրանով Ադրբեջանը թիրախավորում ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլև, օրինակ, հուլիսյան մարտերի օրերին, 44-օրյա պատերազմի ժամանակվա ռազմական ղեկավարությանը:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:
– Ես կարծում եմ, որ գլխավոր խնդիրը ոչ այնքան Արցախում տարբեր ժամանակաշրջաններում պաշտոնավարած բարձրաստիճան զինվորականների կամ քաղաքական ղեկավարության դեմ է, որքան այդ «դատավարությամբ» Ադրբեջանը փորձում է խոցելի դարձնել Հայաստանի Հանրապետությունը: Սա ակնհայտ է դառնում կեղծ «ցեղասպանության» վերագրմամբ, 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների, հուլիսյան մարտերի հիշատակմամբ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում տարբեր դրվագների ներկայացմամբ:
Այսինքն, Ադրբեջանի մեղադրականում արտացոլվածը վերաբերում է ոչ այնքան կոնկրետ անձանց, որոնք ցանկացած դեպքում ադրբեջանական դատարանում դատապարտման են ենթարկվելու, այլ դրանով փորձ է արվում քաղաքական առումով կապիտալիզացնել Հայաստանի դեմ սադրանքները, որոնց մասին տարբեր փուլերում հնչել են, բայց հիմա հատկապես ՀՀ իշխանության լռության պայմաններում Ադրբեջանը փորձում է շատ ավելի ծանրակշիռ դարձնել դրանք և օգտագործել ոչ միայն միջազգային արբիտրաժային դատարաններում, այլև ՀՀ-ի հետ բանակցային գործընթացներում՝ փորձելով հասնել նորանոր զիջումների պարտադրմանը:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ չի բացառվում՝ ինչ-որ փուլում տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական և այլ գործոնների բարենպաստ դաշտի ձևավորման պայմաններում միգուցե Ադրբեջանն այդ «պապկաներն» օգտագործի Հայաստանի դեմ ռազմական գործողությունները լեգիտիմացնելու համար:
– Ի դեպ, Բաքվի դատարանում խոսել են նաև 30 տարվա ընթացքում ադրբեջանական մարդկային կորուստների մասին՝ քաղաքացիական և ոչ քաղաքացիական: Հայաստանը չպե՞տք է ներկայացնի, թե որքան վիրավոր, կորուստ ենք ունեցել Արցախում և ՀՀ-ում ադրբեջանական թիրախավորումից, հատկապես՝ քաղաքացիական անձանց շրջանում, և հատկապես, որ մեր դեպքում ապացույցներն ու փաստերը, այսպես ասած, ավելի քան իրական են:
– Թեև Բաքուն փորձում է զոհի կերպարանք ստանալ, ցույց տալ, որ այս 30 տարիներին մեծ թվով զոհեր է ունեցել քաղաքացիական անձանց շրջանում, ինչը, բնականաբար, բավականին չափազանցված է, բայց այստեղ կարևոր է մեկ այլ հանգամանք, հատկապես այն ֆոնին, երբ փորձ է արվում ցույց տալ, որ հայկական բանակը, Հայաստանն Արցախյան առաջին պատերազմից հետո տարբեր մարտական գործողությունների ընթացքում մշտապես եղել է զոհի և պարտվողի կարգավիճակում:
Այսինքն, եթե նույնիսկ մի կողմ դնենք ներկայացված թվերի չափազանցված լինելը, շատ պարզ երևում է, թե մասնավորապես Պաշտպանության բանակը պաշտպանություն իրականացնելիս տարբեր փուլերում ինչպիսի վնաս է պատճառել Ադրբեջանին: Շատ դեպքերում այնպիսի անդառնալի կորուստներ, ինչը տարիներով հետ է գցել Ադրբեջանին շատ ավելի մասշտաբային գործողություններից:
Այլ բան է, որ 2018 թվականից հետո ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական պրոցեսները, ղեկավարության մոտեցումները, արտաքին քաղաքական առաջնահերթություններն Ադրբեջանին և՛ բանակցային առումով, և՛ կոնկրետ հողի վրա հնարավորություն տվեցին ստանալ մաքսիմալ օգուտներ պատերազմական դաշտից դուրս:
– Մինչ Ադրբեջանին պատճառված ռազմական կորուստներին անդրադառնալը, հիշեցնենք, որ նույն Արցախում և հենց 2016 թվականին Ադրբեջանն իր հրետանին տեղակայել էր սեփական բնակավայրերին մոտ՝ թիրախ դարձնելով իր իսկ քաղաքացիներին: Իսկ Բաքվի դատարանում չի անտեսվել կոնկրետ Ադրբեջանի բանակի զինանոցին, ռազմական մարդկային ռեսուրսներին հասցված վնասների փաստը: Ձեր խոսքը դարձյալ դրան էր վերաբերում, թեև հարցը քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների մասին ադրբեջանական պնդումների մասին էր: Ադրբեջանը, այո, խոսում է իր բանակի կորուստներից, որը մի կողմից՝ Բաքվում գտնվողների ազատության գինն ունի նաև, բայց մյուս կողմից, այո, հերքում է փաշինյանական իշխանության՝ չկռվելու, զոհ և նահատակ լինելու ու ընկալվելու պնդումները:
– Ցավոք, պետք է արձանագրել, որ երրորդ երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, ավելի շատ են խոսում հայկական զինուժի, Պաշտպանության բանակի մարտունակության և մարտական խնդիրների կատարման մասին, քան ՀՀ-ի ներսում: Իհարկե, ՀՀ ներսում ասելով՝ նկատի ունեմ այսօրվա ռազմաքաղաքական իշխանությանը, նրանց արբանյակներին և ազդեցության տակ գտնվող որոշակի խմբերին, դեռ չեմ խոսում քարոզչական զոհերի մասին: Մյուս կողմից՝ պետք է արձանագրել, որ մեզ հաջողվել էր 3 տասնամյակի ընթացքում Արցախում ձևավորել այնպիսի ինստիտուտներ, որոնք անգամ 10-ամսյա բլոկադան էին կառավարելի դաշտում պահում, ամեն դեպքում:
Իսկ ՊԲ-ն էլ դարձել էր օրինակելի կառույց, և ոչ միայն Արցախում, այլև ՀՀ-ի համար, ընդ որում, խորհրդային ռազմաուսումնական հաստատություններում կրթություն ստացածներին աստիճանաբար փոխարինում էին ՀՀ-ի և արտերկրի ռազմական հաստատություններում կրթություն ստացածները:
30 տարվա ընթացքում ՊԲ-ն բազմաթիվ խնդիրներ է լուծել, ցավոք, բազմաթիվ նվիրյալների կյանքի գնով, բայց այն խնդիրը, որը դրված է եղել ՊԲ-ի վրա, կատարվել է: Եվ միայն լիակատար մեկուսացումը և կոմունիկացիաներից զրկումը բերեց ու իրավիճակը հասցրեց նրան, որ 2023-ի սեպտեմբերին երկարաժամկետ պաշտպանություն իրականացնելու հնարավորություն ՊԲ-ն այլևս չունեցավ: Տվեց իր վերջին պատվի մարտը, բայց երկար շարունակել պարզապես չէր կարող:
– Նախիջևանում, ինչպես Դուք էլ արձանագրել եք, թուրքական ազդեցությունը մեծանում է, դրանից ի՞նչ հետևություններ պետք է արվի: Չմոռանանք, որ Ադրբեջանի բանակում ևս թուրքական ազդեցությունը 44-օրյայից հետո մեծացել է:
– Թուրքիան երկար ժամանակ փորձում է իր ազդեցությունը Նախիջևանում գերակա դարձնել: Բնականաբար, օգտվում է այն առիթից, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ ուղիղ ցամաքային սահման ունի Նախիջևանի հետ: Եվ այս տարիների ընթացքում բավականին մեծացրել է իր ազդեցությունն այնտեղ, ինչն Ադրբեջանի քաղաքական հիմնական վերնախավի շրջանում աննկատ չի մնացել: Առհասարակ, Ադրբեջանում բավականին խորքային դժգոհություններ կան այդ թեմայով, որոնք հանրային դաշտում հազվադեպ են հայտնվում: Սակայն թուրքական գործոնի մեծացման թեմայով վերջին և ակնհայտ հակասությունը կապված էր Էրդողանի այն հայտարարության հետ, որ Թուրքիայի մասնակցությամբ է 44-օրյա պատերազմում Ադրբեջանը հաղթել:
Սա Ադրբեջանում այնքան լուրջ մտահոգություններ առաջացրեց, որ նույնիսկ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը փորձեց հերքել, ինչն անհերքելի է, քանի որ այն դրսևորվել է՝ սկսած տարբեր տեղերից ծայրահեղականների Ադրբեջան տեղափոխումով, վերջացրած ուղիղ կառավարման ֆունկցիաներով, երբ Ադրբեջանի ԳՇ-ն ղեկավարվում էր թուրք գեներալների կողմից, ընդ որում, հենց հուլիսյան մարտերից հետո: Այսինքն, ադրբեջանական աճող ամբիցիաները թույլ չեն տալիս խոստովանել, որ 44-օրյայում իրենց հաջողությանը միայնակ չեն հասել, այլ Թուրքիայի ուղիղ մասնակցությամբ:
Նախիջևանի հետ կապված էլ այս թեման իր արտացոլումը ստացավ, երբ մի քանի տարի առաջ Ադրբեջանի ղեկավարն արմատական փոփոխությունների ենթարկեց Նախիջևանի կառավարման համակարգը և հիմնական պաշտոնյաներին, քանի որ Ալիևը գտավ, որ նրանք թուրքական ազդեցություն են կրում, և Ադրբեջանի կենտրոնական իշխանության ազդեցությունն այնտեղ էականորեն նվազել էր: Բայց միևնույն է՝ սա էլ չի ապահովագրել Ադրբեջանին, և Նախիջևանում թուրքական ազդեցությունը մեծանում է, ավելի քան ամրագրված է Ադրբեջանի սահմանադրության մեջ: Այս ամենից, իհարկե, ՀՀ-ն պետք է հետևություններ անի:
Մարիամ Պետրոսյան
168.am