17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դաժան շոգից, սովից ու ծարավից ուժասպառ շատերն էին մնում աքսորի ճանապարհին

Նազարեթ Քելողլանյանի պատմությունը

1902 թ., Կեսարիա

Կարինե Հովակիմյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մորական պապի պատմությունը: Նազարեթ Քելողլանյանը վերապրել է Ցեղասպանությունը՝ կորցնելով մորը, մորաքրոջն ու եղբորը: Նրան կոտորածից փրկել է մի քուրդ զինվոր, այնուհետև հայտնվել էմանկատանը:

«Շատ եմ ցավում, որ պապիկիս կենդանության օրոք չեմ կարողացել տարեթվերի և տեղանունների առումով ավելի մանրամասն տեղեկանալ, այնուամենայնիվ ուզում եմ կարեցածիս չափ պատմել նրա կյանքի պատմությունը, որը բազմիցս լսել եմ հենց իրենից:

Իմ պատմությունը մորս հոր մասին է` Քելողլանյան (Քէլօղլանյան) Նազարեթ Հարությունի, ծնված 1902թ., Կեսարիա (Կայսերի) քաղաքում: Զանգվածային տեղահանություններից մի քանի ամիս առաջ պապիկիս հայրը աղջկա` Գյուլխաթիրի հետ մեկնում է Բուլղարիա` քրոջն այցելության: Մայրը` Աննիկը, կանխազգալով վտանգը, ամուսնուն լուր է ուղարկում, որ միառժամանակ չվերադառնան: Այդպես նրանք փրկվում են կոտորածից:

Պապիկս Աննիկի, նրա քրոջ` Բրլանթիի և իր եղբոր` Հովհաննեսի հետ, թուրք ասկյարների «ուղեկցությամբ» բռնում է «աքսորի» ճանապարհը: Պապիկս պատմում էր, որ դաժան շոգից, սովից ու ծարավից ուժասպառ` շատերն էին մնում կես ճանապարհին, մնացածներն էլ ասկյարների ձիերի սմբակներից առաջացած գարշահոտ ջրափոսերին էին վրա տալիս, որ խմեն մեջը կուտակված ջուրը ու մի կերպ կարողանան քարշ տալ իրենց հյուծված մարմինները: Այդպես օրերով գնում են մինչև այն վայրը, որտեղ թուրքերը պիտի տեսնեին իրենց դաժան հաշվեհարդարը ողջ մնացածների հետ: Պապիկս ուշաթափվում է… Ուշքի է գալիս մարմնին մի սուր ծակոցից, աչքերը բացում է և գլխավերևում տեսնում մի քուրդ ձիավոր զինվորի:

Զինվորը պապիկիս նստեցնում է ձիու վրա ու սկսում հարցուփորձ անել: Մի որոշ ճանապարհ անցնելուց հետո, ասում է. «դու այլևս Նազարեթ չես, այլ Մահմուդ, կգտնես այսինչ մարդու տունը, կասես, որ ես եմ ուղարկել քեզ»: Պապիկս գտնում է այդ թուրքին, մի որոշ ժամանակ մնում է նրա տանը որպես ծառա, ընդ որում այդ տանը պատսպարվում էին նաև երկու հայ աղջիկ, որոնցից մեկի անունը Գայանե էր: Մի քանի ամիս անց փախչում է այդ տնից:

Դեռահաս տղայի որբություն, սով, հարազատների կորուստ, հուսահատություն… դաժան ժամանակներ… Բայց, պատմում էր, որ նույնիսկ այս պայմաններում չկարողացավ …հաց մուրալ: Երբ և ինչպես է հայտնվում ամերիկյան որբանոցում` չգիտեմ, բայց 1918-ին այդ որբանոցը երեխաներին բերում է Հայաստան:

Երևանում, այժմյան Ավ. Իսահակյանի անվան գրադարանի շենքում, լինում է նրանց գիշերօթիկը, և միշտ, երբ միասին անցնում էինք շենքի մոտով, պապիկս ցույց էր տալիս այն լուսամուտը, որի հետևում իր դասասեղանն էր:

Երկու տարի հետո որբանոցը երեխաների մի մասին տեղափոխում է ԱՄՆ, իսկ մյուս մասին`Եվրոպա: Պապիկս հայտնվում է Ռումինիայում: Անցնում է աշխատանքի, զբաղվում է մսագործությամբ, վերանորոգում է հին, մաշված գորգեր: Եվ քանի որ դեռևս Կեսարիայում հաճախել էր հայկական դպրոց, ուներ 4-րդ դասարանի կրթություն, հաճախ կարդում էր Բուխարեստում տպագրվող հայկական լրագիրը:
Հենց այդտեղ էլ հանդիպում է հայտարարությունների, որոնցում ջարդերից մազապուրծ մարդիկ փնտրում են իրենց կորած հարազատներին: Այս լրագրի միջոցով գտնում է Բուլղարիայում ապաստանած հորը և արդեն ամուսնացած քրոջը: Անմիջապես մեկնում է հոր հետևից և բերում Ռումինիա: 1946-ին հոր, կնոջ և աղջկա` մայրիկիս հետ բռնում է հայրենադարձության ճանապարհը դեպի Հայաստան:

Պապիկս երբեք ապրիլի 24-ին չէր գնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այլ միայն հաջորդ օրը, այն էլ մենակ, ու այնտեղից վերադառնում էր կաս-կարմիր կտրած դեմքով… Հիշողությունները հանգիստ չէին տալիս… Պապիկս վախճանվեց 1993-ին` 91 տարեկան հասակում»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ