24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանն անունը դնում է դելիմիտացիա և այդ անվան տակ խրամատավորվում է․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն իրեն հանձնված չորս գյուղերում` Կըզըլ Հաջիլի, Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում, մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել՝ տեղեկացրել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ շինարարությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարի։

168․am-ը ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս ամրակայման աշխատանքներով պաշտոնական Բաքուն գնում է այն խաղաղության, ինչի մասին ներքին լսարանին շարունակ վստահեցնում է հայկական կողմը։

 

Ի պատասխան՝ ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը նախ արձանագրեց, որ հիշյալ հատվածում առկա են դեռևս չկարգավորված հարցեր, որոնք վերաբերում են, մասնավորապես, Բերքաբեր գյուղին, ապա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի կողմից 31 գյուղերի վերադարձի մասին փողփողվող ու այդպես էլ իրականություն չդարձած հայտարարությունները։

«Այդ գործընթացների ժամանակ նրանք բոլորին վստահեցնում էին, թե տալիս են տարածքներ, իսկ դրա դիմաց Ադրբեջանը տալու է 90-ականներին իր կողմն անցած տարածքները։ Բայց ստացվեց այնպես, ինչպես այս իշխանության դեպքում միշտ է լինում՝ Հայաստանը զիջեց, Ադրբեջանը որևէ բան չտվեց օկուպացրած հատվածներից։ Ադրբեջանն իր խնդիրն աստիճանաբար կատարում է․ անունը դնում է դելիմիտացիա, այդ անվան տակ խրամատավորվում է ու գործելու է իրավիճակին համահունչ՝ ինչպես և որ պահին իրեն ձեռնտու է»,- ասաց պատգամավորը։

Հստակեցմանը, թե որքանո՞վ է հավանական, որ նրանց համար այդ ձեռնտու պահը հենց СՕP29-ին հաջորդի, պատգամավորն արձագանքեց դիտարկմամբ, որ այդ մասին դեռ ամիսներ առաջ հայտարարել է նաև հենց ՀՀ արտաքին գերատեսչությունը։

«Իհարկե, համատեքստում նաև այն էր, որ մինչև դա եթե հնարավոր չլինի հասնել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի», ապա հնարավոր է՝ գործընթացները գնան այդպիսի հունով։ Համենայն դեպս, այդ համաժողովի ընթացքում Ադրբեջանի պահվածքը, որը մի կողմից՝ արտահայտվեց գերիներին չվերադարձնելով, մյուս կողմից՝ ագրեսիվ հռետորաբանությամբ, ցույց են տալիս, որ բանակցությունները, մեղմ ասած, լավ վիճակում չեն և ավելի մոտ են փակուղուն, քան բանակցային այնպիսի իրավիճակի, որը կարող է հանգուցալուծում ունենալ։

Շատ դժվար է կանխատեսել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան СOP29-ից հետո․ այսօր վերջին օրն է այդ աշխատանքների, և կարճ ժամանակ անց ավելի շատ դետալներ հայտնի կլինեն»։

Տիգրան Աբրահամյանն ամփոփելով՝ նաև արձանագրեց՝ ՀՀ իշխանությունները որևէ իրավիճակի ադեկվատ չեն արձագանքում, իսկ նրանց կողմից հայ ժողովրդին խոստացած «խաղաղությունը» միայն արտահայտվում է Ադրբեջանի տարածքային, դիրքային ու բանակցային զիջողականությամբ։

Նշենք՝ դեռ հոկտեմբերին Վարշավայի անվտանգության ֆորումում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը մասնակիցներին փոխանցել էր հայկական կողմի մտահոգությունները, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողությունների է պատրաստվում։

Հիշեցնենք՝ Տավուշ-Ղազախ հատվածում պաշտոնական անվանումով սահմանազատում կոչվող գործընթացն իրականացվեց գարնանը։ Հակառակ Հայաստանում գործընթացի հանդեպ իշխանությունների վստահությանը՝ հանրային ու քաղաքական լայն շրջանակներ արդեն այդ օրերին ահազանգում էին, որ միակողմանի այս զիջումներին հաջորդելու է ադրբեջանական կողմի ամրակայումը՝ հետագա առաջխաղացման նպատակով։

 

 Զարուհի Դիլանյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ