Դեր Զորում միակ կերակուրը ձիու կղանքն էր
Հովհաննես Բոյմուշակյանի պատմությունը
1901թ., Քեսաբ
Լուսինե Վահանյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մոր պապի պատմությունը: Հովհաննես Բոյմուշակյանի չորս եղբորը թուրքերը սպանել են Եփրատի ափին: Նա հրաշքով փրկվել է, այնուհետև մի արաբ գնել է նրան թուրքերից, նոր անուն տվելու պահել իր ախոռում:
«Սիրիա՝ Քեսաբ, Սևաղբյուր գյուղ: Այստեղ է 1901-ին ծնվել մայրիկիս պապիկը՝ Հովհաննես Կարապետի Բոյմուշակյանը, ունեցել է չորս եղբայր: Ի ծնե շատ նվազ է եղել: Ծնվել է Բոյմուշակյանների գերդաստանում, ովքեր չորս եղբայներով ապրել են Սևաղբյուր գյուղում: Ի դեպ, գյուղի անունն առաջացել է տեղի աղբյուրի անունից, որն իր սառր ջրով եղել է սև վիշապ օձերի բույնը, գյուղացիները չեն վնասել օձերին և դա փոխադարձ է եղել, ոչ մի տեղացի չի տուժել օձերից: Սակայն տուժել են թուրքական իշխանություններց, և դրա հետևաքով 1910-ին ստիպված բռնել գաղթի ճանապարհը:
Գաղթի ճանապարհը հայերն անցել են սոված և ծարավ, Դեր Զոր անապատում սովից ուշագնաց է լինում Հովհաննես պապի հայրը՝ Կարապետը, նրա համար ուտելիք հայթհայթելու միակ ձևը ձիու կղանքն էր: Հինգ եղբայրները ձիու կղանքի միջից փշրում և հանոմ են գարու հատիկները, հոր կյանքը փրկելու համար: Սակայն նա սովամահ է լինում հենց անապատում: Հորը կորցրած ընտանիքը մարդկային այդ քարավանքի հետ շարժվում է դեպի Եփրատ գետը՝ ջուր գտնելու հույսով, սակայն վայրագ մարդասպանը նոր անակնկալ էր պատրաստել նրանց համար: Բոլոր առողջ , ուժեղ տղամարդիկ պետք է սրով սպանվեին և լցվեին գետը: Այդ ճակատագրին են արժանանում պապիս չորս եղբայրները, և քանի որ թուրքերը ունեին նշանաբան «սրով չպիտի սպանվի ոչ մի թույլ ու նվազ, որովհետև սուրն ափսոս է», պապիս չեն սպանում:
Արաբ մեծահարուստներից մեկը երկար ժամանակ ամուսնացած է եղել և երեխա չունենալու պատճառով ինը տարեկան Հովհաննեսին գնել է, որպեսզի դարձնի մահմեդական: Տարել է նրան, անունը փոխել դարձրել Յուսուֆ և պահել իր ախոռում: Եփրատ գետի մոտ մորը կորցնելուց հետո պապս նրան առաջին անգամ տեսնում է Բաղդատում, սայլի վրա փողոցով անցնելիս, սակայն մայրը ձևացնում է թե չի ճանաչում՝ վախենալով, թե կսպանեն որդուն: Այպես նա յոթ տարի ապրելով արաբի տանը մի օր շուկայում տեսնում և ճանաչում է իր ազգականներին. խնդրում է նրանց, որ իրեն տանեն այդտեղից:
Նրանց հետ փախնելով արաբ մեծահարոստից հասնում է արդեն ոչնչացած Քեսաբի մոտակա գյուղերը, գտնում երկրորդ անգամ ամուսնացած մորը: Տարիներ հետո ամուսնանում է Ծաղիկ տատիս հետ: Ծաղիկ տատն էլ ուներ իր դժբխտ պատմությունը՝ նա չէր սիրում ընկուզենի, քանի որ թուրքերը նրան պատվազրկել էին հենց ընկուզենու տակ: Պապս և տատս ամուսնացել են 1947-ին, եկել Արևելյան Հայաստան և ունեցել տասնմեկ երեխա»:
Աղբյուր՝ ArmenianGenocide100.org