27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պարտատոմսերից ստացված գումարը կուղղվի ֆինանսական ռիսկերի թուլացմանը

Կառավարությունը հստակեցրեց եվրոպարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումից ստացված գումարների բաշխման ուղղությունները։ Ըստ այդմ, դրանք հատկացվելու են նախորդ թողարկման մի մասի սպասարկմանը, պետական բյուջեի պակասուրդի լրացմանը եւ կայունացման ֆոնդի համալրմանը։ Այլ կերպ ասած, ֆինանսական ոլորտում առկա ռիսկերի թուլացմանը։

Ինչպես հայտնի է, հերթական թողարկմամբ Հայաստանը տեղաբաշխեց 500 մլն դոլարի պարտատոմսեր։ Ստացված գումարի 41 տոկոսը վերաուղղվել է նախորդ տեղաբաշխման արդյունքում ձեւավորված պարտքի մարմանը։ Ներգրավված 487,8 մլն դոլարից այդ նպատակի համար հատկացվել է շուրջ 200 միլիոնը։ Որքան էլ առաջին հայացքից թվում է, թե դրա անհրաժեշտությունը չկար, այնուհանդերձ այնքան էլ այդպես չէ։

Այս քայլով կառավարությունը փորձել է թեթեւացնել նախորդ թողարկման արդյունքում ներգրաված միջոցների սպասարկման ծանրաբեռնվածությունը։ Մասնավորապես երկարաձգվել է պարտատոմսերի մարման ժամկետայնությունը։ Եթե մինչ այդ պարտքի ժամկետայնությունը 5,5 տարի էր, ապա այժմ դարձել է 7,8 տարի։ Դրանով նվազեցվել է 2020թ. նախատեսված մարման բեռը։ Ըստ այդմ, 5,5 տարի հետո առաջին թողարկման պարտատոմսերի հետգնման միանվագ մարումը կկազմի ոչ թե 700 միլիոն, այլ 500 մլն դոլար։

Թողարկումից ստացված գումարից 40 մլրդ դրամը նախատեսվում է հատկացնել պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։ Այն կփոխարինի պետական ներքին պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ակնկալվող միջոցներին։ Դրանով կառավարությունը փորձել է մեղմել այս շուկայում ստեղծված իրավիճակը՝ նպատակ ունենալով չվատացնել ներքին պետական պարտքը բնութագրող որակական ցուցանիշները։

Ինչպես հայտնի է, բյուջեի պակասուրդը լրացնելու համար գանձապետական պարտատոմսերի թողարկման միջոցով կառավարությունը գումարներ է ներգրավում ներքին տնտեսական միջավայրից։ Այնինչ, ֆինանսական շուկայի վերջին զարգացումներից հետո դրանք բավականաչափ թանկացել են՝ մեծացնելով սպասարկման ճնշումը։

Ներգրավված ֆինանսական միջոցների մնացած մասը՝ ավելի քան 95 մլրդ դրամը, կհամալրի կայունացման ֆոնդը։ Այն, ըստ էության, կդառնա տնտեսական ոչ այնքան բարենպաստ միջավայրում պետական բյուջեի ծախսերի լիարժեք կատարման երաշխավորը։

 Եվրոպարտատոմսերի թողարկումը որպես այդպիսին, անշուշտ նոր երեւույթ է Հայաստանի ֆինանսական շուկայի համար։ Բայց այն հասցրել է կարճ ժամանակահատվածում կարեւոր գործոն լինել ֆինանսական միջոցների բացը լրացնելու ճանապարհին։ Անշուշտ դրանք ծանր բեռ են պետության վրա։ Բայց եվրոպարտատոմսերի թողարկումը լավ օրից չի գալիս։ Անհրաժեշտ են միջոցներ, որոնց ձեռքբերման աղբյուրներն այնքան էլ շատ չեն։

 

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ