23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ ներկայացուցիչ ունենալու տեղեկատվությունը փակ է. ի՞նչ նշանակություն ունեն հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները. Aravot.am

Aravot.am-ը գրում է.

Հուլիսի 15-ին, Հայաստանում մեկնարկեցին եւ մինչեւ հուլիսի 24-ը կշարունակվեն «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, որում ներգրավված են ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունների նպատակն է, ըստ պաշտոնական Երեւանի՝ բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը: ՀՀ ՊՆ-ն նաեւ հայտարարել է, որ զորավարժություններն արվում են միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում, կրում են պարբերական բնույթ, վարժանքներ են իրականացվում նաև գործընկեր երկրներում:

Պաշտոնական Երևանի հաղորդմամբ՝ զորավարժությունը ենթադրում է «խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ»։ Զորավարժությունների առիթով հաղորդագրություն էր հրապարակել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը. «Հայկական և ամերիկյան կողմերը կզարգացնեն խաղաղապահ գործողություններ անցկացնելու իրենց կարողությունները՝ իրականացնելով կրակային և կայունության ապահովմանն ուղղված պատրաստության, զենքերի հետ ծանոթացման և հրաձգարանի ղեկավարման միջոցառումներ»: «Արծիվ գործընկերը» անցկացվում է երկրորդ անգամ: Անցած տարի զորավարժություններին մասնակցել էին 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։

Հայ-ամերիկյան զորավարժությունները մտահոգություն են առաջացնում Հայաստանի ապագայի համար. նախօրեին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ նման մեքենայություններ ԱՄՆ-ը և ԵՄ-ն, որպես ՆԱՏՕ-ի տնտեսական դեպարտամենտ, բազմաթիվ երկրների հետ են իրականացրել, ոչ մեկ անգամ:

«Թե ինչո՞վ է ավարտվում այսպես կոչված «արծվի գործընկերությունը», գիտեք։ Օգտագործում, ապա դեն են նետում: Երևանը ռիսկի է գնում իր ձեռքերով ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում` վտանգելով սեփական անվտանգությունը»,- ասել է Զախարովան։ Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի գնահատմամբ, այս զորավարժությունները, որոնք բավական նյարդային արձագանքի արժանացան ռուսական կողմից, իրականում, Հայաստանի, այսպես կոչված՝ արեւմտյան վեկտորի արտահայտություններից մեկն է. «Զորավարժությունն ինքնին այդքան կարեւոր չի՝ քաղաքական իմաստով, որքան դեպի արեւմուտք վեկտորը, որը կա, թեեւ, այսպես կոչված՝ արեւմտամետները պնդում են, որ դա քիչ է, իսկ, այսպես կոչված՝ ռուսամենտներն էլ, պնդում են, որ շատ է: Ինքս, զորավարժությունների փաստը դրական եմ գնահատում, քանի որ արեւմտյան ռազմական մտքի հետ շփումը միշտ էլ դրական է: Պարզապես, խնդիրն այն է, թե հիմա՝ ժամանակատարածային հարթության մեջ, ՀՀ-ի այս արեւմտյան շարժն արդյո՞ք մեզ համար անընդունելի վտանգներ չի առաջացնի. սա լայն ու մեծ քննարկման հարց է»:

Ամեն դեպքում, փորձագետը նաեւ նկատում է, որ ՌԴ-ն ինքն այնքան խնդիրներ ունի, որ չի կարողանում Հայաստանի ոչ ռազմատեխնիկական, ոչ էլ ընդհանուր անվտանգային մակարդակում պահանջմունքները բավարարի: «Կարծում եմ, Ռուսաստանն անպայման կփորձի ինչ-որ բաներ անել ՀՀ-ի դեմ. այսպես ասենք՝ ճաշը հարամել: Բայց, մյուս կողմից էլ, ՌԴ-ն այնքան բարդ վիճակում է, որ իր հետ լինելը միգուցե մեզ համար նորից խնդիրներ կառաջացնի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բավական բարդ հարց է, պարամետրերը շատ են եւ հաճախ իրար խաչասերվող, ուստի, բավական բարդ է օբյեկտիվ կարծիք հայտնելը: Տեղեկություններ կան, որ ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ ներկայացուցիչ է լինելու. հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կտա դա մեր բանակին, որը ՀՀ իշխանությունն ամեն օր թուլացնում է:

ՀՀ պաշտպանական գերատեսչությունում ԱՄՆ ներկայացուցիչ ունենալը, մեր զրուցակիցը նույնպես տեղավորում է արեւմտյան վեկտորի տիրույթում՝ հավելելով, որ պաշտոնական հաղորդագրություն այդ մասին չի եղել, նրա լիազորությունների շրջանակը չի նկարագրվել. «Տեղեկատվությունը փակ է, նույնիսկ ներքին աղբյուրներից է բարդ հասկանալ՝ այդ ներկայացուցիչն ո՞վ է, ի՞նչ է անելու, բայց, ենթադրվում է, որ սա՝ ՀՀ բանակն արեւմտյան մոդելներով վերակազմավորելու քայլերից է: Թեեւ, ընդհանուր առմամբ, մեր իշխանությունները նույնիսկ այդ ոլորտում, այնքան անհետեւողական ու չհամակարգված են գործում, որ այս պայմաններում անգամ բարդ է ասել, թե ինչն ինչի կբերի: Պատշաճ ձեւով բանակը չեն ղեկավարում եւ պատշաճ զարգացում չեն ապահովում, ինչն, ինքնին բացասական է ազդում»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ