06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի թագավոր Տիգրան Մեծի վերելքն ու անկումը

Մ.թ.ա. 95-55 թվականներին՝ Տիգրան Մեծի կառավարման օրոք,  Հայաստանը բարգավաճում  էր և առժամանակ դարձել էր Հռոմից դեպի արևելք հզորագույն տերությունը, գրում է Interpress.am-ը`Ancient-origins.net-ին հղումով:

Մ.թ.ա. 190 թվականին Մագնեսիայի ճակատամարտում հռոմեացիների կողմից  Անտիոքոս Մեծի պարտությունից հետո արևելքում Սելևկյան կայսրության իշխանությունը թուլացավ: Հույն աշխարհագրագիր Ստրաբոնի համաձայն, Հայաստանն այդ ժամանակ կառավարվում էր Անտիոքոսի 2 գեներալների՝ Արտաշեսի և Զարեհի կողմից: Օգտվելով առիթից՝ գեներալները որոշում են իրենց հավատարմությունը հայտնել հռոմեացի հաղթողներին և հռչակել իրենց անկախությունը թուլացած Սելևկյան կայսրությունից:

Իր հետագա պատմության մեծ մասի ընթացքում Հայաստանը պետք է բուֆերային պետություն լիներ արևմուտքում Հռոմեական կայսրության և արևելքում՝ Պարթևական կայսրության միջև: Այնուամենայնիվ, Հայաստանը Տիգրան 2-րդի, որը հայտնի է նաև Տիգրան Մեծ անունով, կառավարման ամբողջ ընթացքում չէ, որ եղել է արևելքի հզորագույն տերությունը:

Հայաստանի անկախացումից հետո սատրապությունը բաժանվեց 2 գեներալների միջև: Արտաշեսը կառավարում էր Հայաստանի թագավորությունը, որը, Ստրաբոնի համաձայն, կազմված էր այն տարածքներից, «ինչը, որ ընկած էր Մեդիայի, Աղվանքի և Իբերիայի միջև՝ ձգվելով Կապադովկիայից և Կոլխիդայից մինչև Եվքսին (Սև ծով)»:

Իսկ Զարեհը կառավարում էր Սոֆենեի թագավարությունում (Ծոփք), որը «կազմված էր հարավային հատվածներից և այն տարածքներից, որոնք ընկած էին սրանից (այսինքն Արտաշեսի տարածքներից) արևմուտք»:

Տիգրանը Արտաշեսի սերունդներից էր, ով ծնվել է մոտավորապես մ.թ.ա 140 թվականին: Մոտավորապես 120 թվականին Տիգրանը՝ որպես գերի տարվեց պարթևների մոտ և ազատ արձակվեց միայն 25 տարի անց, երբ պարթևներին զիջեց «Հայաստանի 70 հովիտները»: Պարթևներից ազատվելուց և գահ բարձրանալուց հետո Տիգրանը իր դիրքերն ամրապնդելու համար ժամանակ չկորցրեց:

Նա նախ և առաջ դաշինք կնքեց Պոնտոսի արքա Միհրդատ 6-րդի հետ՝ ամուսնանալով նրա դստեր՝ Կլեոպատրա Ավագի հետ: Դրանից հետո Տիգրանը ձեռնամուխ եղավ իր նվաճումներին: Այս ժամանակ Ծոփքի թագավարությունը կառավարվում էր Զարեհի ժառանգ Արտանեսի կողմից: Տիգրանը որոշում է ընդարձակել իր թագավորությունը և մ.թ.ա. 93 թվականին նվաճում Արտանեսին պատկանող տարածքները: Մ.թ.ա.  91 թվականին՝  Պարթևստանի արքա Միհրդատ 2-րդի մահից հետո,  Տիգրանն հաջողությամբ հետ է գրավում «Հայաստանի 70 հովիտները», որոնք նրա կողմից զիջվել էին ընդամենը 4  տարի առաջ, և ամայացնում պարթևական տարածքները:

Դրանից հետո Տիգրանը նվաճում է Օսրոյենեն (Էդեսսա), Մծբինը (Նիսիբիս), Կորդուքը, Ատրպատականն ու Ադիաբենեն: Միաժամանակ պատերազմում է Սելևկյան կայսրության դեմ  և մ.թ.ա. 83 թվականին գրավում Սիրիան և Փյունիկիան:

Չնայած Տիգրանի արագ հզորացմանը՝ նրա հաղթարշավը երկար չտևեց: Հայաստանից դեպի արևմուտք Տիգրանի աներ Միհրդատ 6-րդ Պոնտացին պատերազմ էր մղում հռոմեացիների դեմ, որն այսօր հայտնի է Երրորդ Միհրդատյան պատերազմ անունով: Պարտության մատնվելով հռոմեական զորավար Լուկուլլոսի կողմից՝ Միհրդատը փախչում է Տիգրանի մոտ, ով  մերժում է Միհրդատին հռոմեացիներին հանձնելու պահանջը: Դրանով Տիգրանը փաստորեն պատերազմ է հայտարարում Հռոմին:

Չնայած թշնամու զգալի գերազանցող  ուժերին՝ Լուկուլլոսը  մ.թ.ա.  69 թվականին որոշում է շարժվել Տիգրանակերտի՝ Հայաստանի կիսակառույց նոր մայրաքաղաքի վրա: Երբ հռոմեացիները պաշարեցին քաղաքը, Տիգրանը հասավ հսկայական բանակով, որը Պլուտարքոսի համաձայն, կազմված էր 260 հազար զինվորից: Պաշարումը շարունակելու  համար թողնելով մոտ 6 հազար զինվոր՝ Լուկուլլոսը Տիգրանի դեմ է դուրս գալիս 11000 զորքով: Դեպքերի զարմանալի շրջադարձով Տիգրանը պարտություն է կրում, և հարկադրված է լինում նահանջել դեպի Հայաստանի հին մայրաքաղաք Արտաշատ, որտեղ կրկին պարտություն է կրում հռոմեացիների կողմից:

Երբ արևելյան արշավանքից հոգնած հռոմեական զորքերը հրաժարվեցին շարունակել արշավանքը, Լուկուլլոսը հետ կանչվեց Սենատի կողմից և նրա փոխարեն ուղարկվեց Պոմպեոսը: Մ.թ.ա.  66 թվականին Պոմպեոսն հասավ Հայաստան, և Տիգրանը առանց մարտի հանձնվեց նրան:

Հաշտության պայմանագիր կնքելով հռոմեացիների հետ՝ Տիգրանը դարձավ հռոմեական ժողովրդի «բարեկամ և դաշնակից» պայմանով, որ նա պետք է հրաժարվի իր նախորդ նվաճումներից: Տիգրանը շարունակեց կառավարել Հայաստանի թագավորությունը մինչև իր մահը՝ մ.թ.ա.  մոտ 55 թվականը:

Տիգրանի ժառանգները շարունակում էին կառավարել Հայաստանում՝ որպես Հռոմի հովանավորության տակ գտնվող արքաներ, մինչև մեր թվականության 12 թվականը, երբ Արտաշեսյան արքայատոհմը գահընկեց արվեց պարթևներին ենթադրյալ հավատարմության համար:

Աղբյուր` Interpress.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ