22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հասել ենք, իջեք… ադրբեջանցին Երեւանում արդեն պատվավոր հյուր է

Ամփոփվեց 21-րդ «Ոսկե ծիրան»-ը, որի պատվավոր հյուրերի շարքում էր ոչ միայն աշխարհահռչակ համասեռամոլ, կրկնակի օսկարակիր Քեւին Սփեյսին, այլ նաեւ ադրբեջանական ծագումով աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր ՋԱՖԱՐ ՓԱՆԱՀԻՆ։ Այո, հասել ենք, իջեք… Ադրբեջանցին Երեւանում արդեն պատվավոր հյուր է: Ավելին՝ ոչ միայն հյուր է, այլեւ արժանացավ կինոփառատոնի հատուկ «Փարաջանովյան թալեր» մրցանակին, գրում է Իրավունքը:

Ի դեպ, նշենք, որ սա Փանահիի առաջին փառատոնային այցն է՝ 14 տարվա կալանքից եւ ազատազրկումից հետո: 2010 թվականի մարտին Ջաֆար Փանահին ձերբակալվել է, ապա դատապարտվել վեց տարվա ազատազրկման հակակառավարական գործունեության եւ 2009 թվականի ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ անցկացված բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ Փանահիին արգելվել է զբաղվել կինեմատոգրաֆիական գործունեությամբ եւ հարցազրույց տալ 20 տարվա ընթացքում: Ըստ էության, այս սանկցիայի ժամկետն ավարտվում է 2030 թվականին: Բանտարկության փոխարեն՝ Փանահին հայտնվել է տնային կալանքի տակ եւ չնայած արգելքին՝ շարունակել ստեղծագործել ընդհատակում, ինչը պաշտոնապես արգելված էր իրեն:

Ինչ խոսք, իհարկե, կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, թե ինչ կապ ունի նրա դեմ հարուցված քրեական գործը, կարեւորը՝ համաշխարհային ճանաչում ունի, հազարումի մրցանակների արժանացած ռեժիսոր է, դե ֆիլմերն էլ վատը չեն: Բայց, այս տրամաբանությամբ՝ պակաս հայտնի չէ նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, կարո՞ղ է վաղն էլ նրան բերեն Երեւան՝ որպես պատվավոր հյուր: Կամ, ասենք, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Զեյնաբ Խանլարովայի համերգը դնեն Մարզահամերգային համալիրում: Մի՞թե այս առթիվ ասելիք չունեն ո՛չ հայ ադրբեջանագետները, ո՛չ իրանագետները: Կամ՝ ի վերջո, ի՞նչ մեսիջ ենք հղում հարեւան Իրանին, երբ իր երկրում դատապարտվածին բերում ենք Հայաստան ու բարձրացնում բեմ, մի հատ էլ մրցանակ տալիս:

Ջաֆար Փանահիին բերել Երեւան ու մեծարելը, թերեւս կարող էր արդարացվել այն դեպքում, երբ  Իրան-իրաքյան պատերազմին մասնակցած եւ 76 օր քուրդ ապստամբների մոտ գերության մեջ անցկացրած ռեժիսորը կոչով հանդես գար՝ դիմելով աշխարհին անել հնարավորն ու անհնարը հայ գերիներին ադրբեջանական գերությունից ազատելու համար: Գոնե դատապարտեր ադրբեջանական վայրագրությունները եւ ծնկաչոք ներողություն խնդրեր Եռաբլուրում: Թե՞ իրենք արվեստագետ են, քաղաքականությամբ չեն զբաղվում, իսկ քաղաքականություն չէ՞ ծագումով ադրբեջանցուն «Փարաջանովյան թալեր» հանձնելը ու դարձնելը փառատոնի պատվավոր հյուր Երեւանում: Ու ցավալին այն է, որ չկա հանրային ցասում, չկա բողոքի ալիք: Շիրազը կասեր. «Ով լիրբ լռություն. ու լռում են, տե՛ս»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ