23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ում եւ ինչպես են պատժում

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը որոշել է պատժել Երևանի քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին, Մարտի 1-ի գործով ինչ-ինչ որոշումներ ընդունելու համար։ Նա դիմել է իր ընկերոջ՝ Կարեն Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ին, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ։ Մինասյանի ընկերն էլ՝ Կարեն Անդրեասյանը, ամեն գնով փորձում է պատիժը մինչև վերջ հասցնել, առանց անգամ դատավորի դիրքորոշումը լսելու։

Ինչպես հայտնի է, առանց Աննա Դանիբեկյանին լսելու Բարձրագույն դատական խորհուրը հեռացել է խորհրդակցական սենյակ` նա մի քանի րոպե ուշացել էր նիստից: Դատավորիների բացակայությամբ նրանց վերաբերյալ հարցեր քննելը ԲԴԽ–ի համար սովորական պրակտիկա է դարձել։ Նույնատիպ խախտում Կարեն Անդրեասյանի ղեկավարած մարմինը թույլ էր տվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ վարույթով։ ԲԴԽ–ն դադարեցրել էր Դավիթ Հարությունյանի լիազորությունները, դատավորը դիմել էր ՍԴ, եւ ՍԴ–ն որոշել էր, որ ԲԴԽ համապատասխան որոշումը ենթակա է վերանայման: Որոշում կայացնելիս, ՍԴ–ն նաև դա էր հիմք ընդունել՝ որ ԲԴԽ-ն թույլ չէր տվել Դավիթ Հարությունյանին մասնակցել իր հետ կապված վարույթի քննությանը։ Այսպես, առանց իր իսկ սխալներից դասեր քաղելու, Կարեն Անդրեասյանը շարունակում է նույն արատավոր գործելաոճը։

«Սա անթուլատրելի մոտեցում է, եթե հաշվի առնենք մեր քաղաքի խցանումները, շատ այլ հանգամանքներ, այն, որ, ի վերջո, գործ ունենք կին դատավորի հետ, որը կարող է ուղղակի մի քիչ ուշանալ», – ասում է ԲԴԽ նախկին նախագահ, նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանը։ Նշանակված ժամին՝ 10․00-ին դատավորը ուշացել է։

Կարո՞ղ է արդյոք Բարձրագույն դատական խորհուրդը պնդել, որ շարժվել է օրենքով, ո՞րն է ճիշտ մոտեցումը՝ մեր հարցերին ԲԴԽ նախկին նախագահը պատասխանեց․ «Ճիշտ մոտեցումն այն է, որ եթե դատավորը ներկայացել է, ոչ ոք իրավունք չունի նրան զրկել իր դիրքորոշումը, իր տեսակետը հայտնելու իրավունքից։ Սա աքսիոմ է, սա չգրված օրենք է, քաղաքակրթություն է, մոտեցում է, հարգանք է կողմի նկատմամբ, որը ցավոք սրտի, մեր Բարձրագույն դատական խորհուրդը չունի։ Եթե ուսումնասիրենք ամբողջ դատական պրակտիկան, ես նկատի ունեմ՝ նորմալ, օրինական դատավարությունները, եթե նայենք քաղաքացիական դատավարությունները ամբողջ Հայաստանով, վարչականները, քրեական դատավարությունները՝ չենք գտնի մի դեպք, երբ կողմերից մեկը ուշացմամբ է մուտք գործում դահլիճ, և դատարանը թույլ չի տալիս այդ կողմին ելույթ ունենալ, իր դիրքորոշումը ներկայացնել»։

Ըստ Ռուբեն Վարդազարյանի, սա մի բան է նշանակում՝ որ ԲԴԽ–ն ունի կանխորոշված դիրքորոշում Աննա Դանիբեկյանի հետ կապված․ «ԲԴԽ–ին այլևս չի հետաքրքրում, թե դատավորը, այս դեպքում՝ Աննա Դանիբեկյանը, ինչ կասի։ Նրանք ունեն արդեն որոշում, և ռեսուրս, ժամանակ ու նյարդ չեն ուզում ծախսել` լսելով Աննա Դանիբեկյանին»։ Ռուբեն Վարդազարյանը հիշեցրեց, որ երբ իր լիազորությունները դադարեցնում էին, ինքն ընդհանրապես ծանուցված չի եղել դատական նիստի մասին, բայց առանց ծանուցում ուղարկելու նիստ են արել, ուղիղ հեռարձակմամբ ցույց են տվել և որոշում են կայացրել։ «Սա նույն սերիայից է։ Ես մի գործով ամբաստանյալ եմ, և շատ է եղել, որ եւ իմ պաշտպաններն են ուշացել դատական նիստից, և դատախազներն են ուշացել, դատարանը դիտողություն է արել ուշանալու համար, բայց թույլ է տվել ելույթ ունենալ»։

Տեղին է հիշել նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու պատմութունը։ Արթուր Ստեփանյանը իրավական շրջանակներում հայտնի է որպես արդար և բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներ ունեցող դատավոր։ Հուլիսի 9–ին նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությամբ ԲԴԽ–ն դադարեցրեց նրա լազորությունները «էական կարգապահական խախտման հիմքով»։ Որպես պարզաբանում՝ ԲԴԽ–ն նշել էր, որ դատավորը բազմաթիվ դատական գործերով ուշացումներով է տրամադրել վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների կոպիտ խախտմամբ։

ԲԴԽ երեք անդամներ, սակայն, հատուկ կարծիք են հայտնել, համաձայն չլինելով տույժի տեսակին և կողմ են քվեարկել խիստ նկատողության օգտին։ Կարգապահական պատասխանատվության վարույթ հարուցելու հիմքում դրվել էր 2023 թվականին «Փաստերի ստուգման հարթակի» համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը՝ ուղղված ԱՆ-ին: «Փաստերի ստուգման հարթակում» տպագրվել էր հոդված, որում ասվում էր, որ դատավորը հարյուրից ավելի գործերով դատական ակտը ուշացրել է: Լուրեր են տարածվում, որ դատավոր Ստեփանյանը Դանիել Իոաննիսյանի հետ կապված ինչ–որ գործ է ունեցել իր վարույթում, որի շրջանակում Իոաննիսյանի համար ոչ նպաստավոր որոշում է ընդունել, նա էլ սպառնացել է` ուրեմն չես աշխատի։ Իոաննիսյանը չհիշեց նման գործ, նաև հերքեց, թե սպառնացել է նախկին դատավորին եւ «Հրապարակին» հայտնեց, որ Արթուր Ստեփանյանի հետ կյանքում չի շփվել։ «Նույնիսկ Արթուր Ստեփանյանին կյանքում տեսած չկամ։

Մարդիկ փորձում են գտնել, թե ես ինչ անձնական շահագրգռվածություն ունեմ, բայց չունեմ։ Ինձ բերել, ցույց են տվել, որ 102 գործով մի տարուց ավելի ուշացում կա, իսկ որոշ գործերով՝ երեք տարվա ուշացում, վճռի հրապարակման ժամկետներից, ես ասել եմ՝ չի կարող նման բան լինել, բայց հետո պարզվեց, որ կարող է լինել։ Ես «Փաստերի ստուգման հարթակի հրապարակումը» որպես «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող ուղարկել եմ արդարադատության նախարարություն, նախարարությունը ուսումնասիրել է, դրա արդյունքում վարույթ է հարուցել և ուղարկել է ԲԴԽ։ Եւ եթե գտնեն մի դատավոր, որը Արթուր Ստեփանյանի ուշացումների գոնե մեկ քարորդը ունի, ես ինքս իմ ձեռքով կստորագրեմ, կուղարկեմ Արդարադատության նախարարություն, որ վարույթ հարուցվի», – ասում է Դանիել Իոաննիսյանը։

Այս պահին էլ Իոաննիսյանը հայցվոր է պատվի և արժանապատվության գործով, որով դատավորը Արթուր Ստեփանյանն էր։ Պատասխանողն այս գործով փաստաբան, իրավապաշտպան Արսեն Բաբայանն է։ Ըստ ««Դատալեքսի», Իոաննիսյանի ներկայացուցիչը միջնորդել է հայցի ապահովում կիրառել, սակայն Արթուր Ստեփանյանը մերժել է միջնորդույթունը։

Իոաննիսյանի վերաքննիչ բողոքը ևս մերժվել է։ Այս գործով վարույթը շարունակվում է։ Իհարկե, Իոաննիսյանը կարող էր և չհիշել այս գործի մասին։ Հարցն այն է, որ ոչ բոլոր ուշացողներն են պատժվում։ Օրինակ, Աննա Հակոբյանի ընկերուհուն՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին, որը նույն խախտումն էր թույլ տվել, ինչ Արթուր Ստեփանյանը, միանգամայն հումանիստական մոտեցում ցուցաբերվեց։ Մոտ մեկ ամիս առաջ ԲԴԽ–ն, քննելով Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԱՆ միջնորդությունը, հաշվի առնելով դատավորի որդու պատերազմում հերոսանալու դեպքը, հոր մահվան վշտի հանգամանքը արձանագրեց․ «դատավորը տևական ժամանակ գտնվել է հոգեբանական ծանր վիճակում, ինչի հետևանքով չէր կարող կանխել սահմանված ժամկետի խախտումը»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ