2020թ. հուլիսյան մարտական գործողությունները ռազմական, քաղաքական, աշխարհաքաղաքական համատեքստում ամբողջական կամ խորքային գնահատված չեն, դրան պետք է անդրադառնալ. Տիգրան Աբրահամյան
4 տարի առաջ այս օրը՝ 2020-ի հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի մարզի ուղղությամբ, թեժ մարտեր սկսվեցին, որոնք ամենաթեժը համարվեցին 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո. թիրախում նաև խաղաղ բնակչությունն ու բնակավայրերն էին:
Պաշտոնական տվյալներով՝ ամեն ինչ սկսվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձից։
Դեպքը տեղի էր ունեցել հայկական Մովսես և ադրբեջանական Աղդամ գյուղերի միջև ընկած միջդիրքային տարածությունում: Իսկ որոշ ժամանակ անց ոչ պաշտոնական խողովակներով հայտարարվել էր հայկական կողմի նոր, ավելի բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին։ Խոսքը, մասնավորապես, «Անվախ» կոչվող դիրքն ազատագրելու մասին է, որը գտնվում է «Ղարադաշ» բարձունքի վրա:
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ «Անվախ» դիրքի ուղղությամբ մի քանի հարձակում էր կազմակերպել թշնամին, զուգահեռ գրոհներ են եղել հարևան դիրքերի ուղղությամբ, որոնք անհաջողության են մատնվել:
Ավելին, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ՀՀ Զինված ուժերին միայն մեկ գիշերում հաջողվել է ոչնչացնել ադրբեջանական հատուկ նշանակության էլիտար «Յաշմա» 100-հոգանոց խմբի մինչև 40%-ը։
Հուլիսի 16-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ուներ 13 զոհ (թվով 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և 1 խաղաղ բնակիչ), իսկ հայկական կողմը` 4 զոհ՝ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթևոսյանն ու Սմբատ Գաբրիելյանը։
Ավելի ուշ՝ հուլիսի 27-ին, հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհվել էր նաև պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը, ով լուրջ դերակատարում է ունեցել հուլիսյան մարտերում և «Անվախ» դիրքի ազատագրման գործողություններում:
168.am-ն անցած տարի գրել էր, որ Փաշինյանն անցյալում է թողնում հուլիսյան հաղթանակը, նա չէր հիշել հուլիսյան հաղթանակը:
Ավելին, այդ օրերի ռազմական ղեկավարները՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը հեռացվեցին բանակից: Նույնիսկ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ Խաչատուրովի դեմ շինծու գործ հարուցվեց, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մոտ 3 տարի կալանքի տակ է Հրթիռների գործով:
Այս համատեքստում հարկ է հիշել, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսյան մարտերի օրերին ևս ադրբեջանցի զինվորներին ցանկանում էր մոլորյալ տեսնել, երբ անգամ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից բավարար տեղեկություն էր ստացել՝ «հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են, և հետո, չգիտես ինչու, մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել են, հեռացել»: Այնուհետև Փաշինյանը շարունակել էր՝ «հնարավո՞ր է՝ այդ մեքենայի հետ է կապված՝ ցանկացել են վերադարձնել այն, դրա համար են այդ գործողությունն սկսել»:
Տոնոյանն ի պատասխան Փաշինյանին՝ հասկացրել էր, որ իր տպավորությունը սխալ է:
«Եթե այդպիսի ցանկություն լիներ, երևի ինչ-որ ձևաչափով կապի դուրս կգային, և չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվի: Անմիջապես սկսվել է հրետակոծություն»,- ընդգծել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ կապված էլ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի հունիսին Տավուշի մարզում նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել էր. «Երբ ինքը նշանակված էր հուլիսյան պատերազմի ժամանակ, ԱԱԾ-ն ինձ մի դրվագի մասին ասեց, որ սենց դրվագ է եղել, ինքը սխալ է զեկուցել, ես ասացի` բացառված է, չեմ հավատում, որ սխալ բան զեկուցած լինի…»:
Թե ինչի մասին էր խոսքը, մինչև հիմա հայտնի չէ, այդ ժամանակ ԱԱԾ տնօրենն Արգիշտի Քյարամյանն էր: Գուցե մի օր և՛ հուլիսյան մարտերի, և՛ 44-օրյա պատերազմին առնչվող շատ հարցերի պատասխաններ ստանանք այդ ժամանակվա ռազմական ղեկավարությունից նաև: Իսկ այսօր փաստ է՝ հուլիսյան մարտերի հաղթանակը փոշիացված է, առհասարակ, ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի առաջին պատերազմից հետո արածը, հյուսիսարևելյան պաշտպանական գիծն այլևս այն վտանգը չի ներկայացնում հակառակորդի համար:
Հուլիսյան մարտերից 4 տարի անց 168.am-ը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ զրույցում հետադարձ հայացք նետելով, փորձել է պարզել՝ ի՞նչ է տեղի ունեցել 2020 թվականի հուլիսյան մարտերի օրերին, ի՞նչ եզրահանգումներ կարելի է անել արդեն այսօրվա իրողությունները հաշվի առնելով: Չմոռանանք, որ ՀՀ Երկրորդ և Երրորդ նախագահների համար անհասկանալի էր մոտ 7 տասնակ մարդու պարգևատրման փաստը: 168.am-ը գրել էր, որ հուլիսյան մարտական գործողություններին, դիրքերի բարելավման, ազատագրման գործողություններին առավելագույնը մասնակցել է 3 տասնյակ մարդ:
– Հուլիսյան մարտական գործողությունները և դրան հաջորդած տարիները ցույց տվեցին, որ ՀՀ իշխանություններն ըստ իրավիճակի են բնութագրում, գնահատում, որակումներ տալիս կոնկրետ օպերացիաների: Երբ նրանց անհրաժեշտ էր ներկայացնել հայկական բանակի փառքը, հզորությունը, մեր զինծառայողների սխրանքները, նրանք դա քարոզչությամբ ներկայացնում էին:
Իսկ դրանից անմիջապես հետո, երբ պետք էր թիրախավորել հուլիսյան մարտերի ժամանակ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովին, նրա ենթակա հրամանատարներին, զինծառայողներին, առհասարակ, զինված ուժերը, ապա նույն մարդիկ՝ այսօրվա գործող կառավարչի ղեկավարությամբ, լրիվ հակառակն էին անում:
Այնպես որ, ես կարծում եմ, որ 2020 թվականի հուլիսյան մարտական գործողությունները ռազմական, քաղաքական, աշխարհաքաղաքական համատեքստում, դեռևս ամբողջական կամ խորքային գնահատված չեն, դրան պետք է անդրադառնալ:
Իհարկե, չենք կարող չանդրադառնալ այն զինծառայողներին, որոնք իրենց մարտական խնդիրը փայլուն կատարեցին: Եվ այն մթնոլորտը, որ այն ժամանակ կար և գործում էր 3-րդ բանակային կորպուսի այդ ժամանակվա հրամանատար Գրիգորի Խաչատուրովի օրոք, բնականաբար, անգնահատելի է, ու այսօրվա վիճակի հետ շատ դժվար է համեմատել: Վերադառնալով սկզբնական մտքին, կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանի համար չկան հերոսներ, չկան համակարգեր, չկա պետություն: Այսինքն, ըստ իրավիճակի, կան անձնական շահեր, քմահաճույքներ, արտաքին ուղղորդումներ, և տվյալ իրավիճակում ինչպես պետք է, այնպես էլ անում է, կանի: Պետք լինի՝ 2 օրվա ընթացքում կավերի, կկործանի այն ամենը, ինչը տասնամյակներով ստեղծվել է, պետք լինի՝ որևէ նշանակություն չունեցող իրադարձություն կներկայացնի՝ որպես աշխարհացունց իրադարձություն: Այնպես որ, այս իշխանության պարագայում ոչ միայն լղոզված են բոլոր իրադարձությունները, այլև փաստերն այնքան խեղաթյուրված են, որ մարդիկ էլ չեն կողմնորոշվում՝ ինչ է իրականում տեղի ունեցել և ինչ գնահատական պետք է հնչեցնել:
– Հայ-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի կանոնակարգը պետք է հաստատվեր հուլիսի 1-ին, սակայն մինչև այս պահն այն կողմերի միջև համաձայնեցված չէ, ըստ Ձեզ՝ ի՞նչը կարող է լինել պատճառը:
– Այն, ինչ սահմանազատման տակ փորձում են ներկայացնել հանրությանը գոնե մինչև այս պահը, դա ադրբեջանական պահանջատիրության բավարարումն էր ՀՀ իշխանությունների կողմից, որը, ցավոք, բարեհաջող ձևով փաշինյանական կառավարությունն իրականացնում է: Ինչու է որոշակի փուլերում բարդություններ առաջանում, որովհետև ադրբեջանական պահանջատիրությունը տարբեր փուլերում խնդիրներ է առաջացնում օրվա իշխանության համար: Այսինքն, նրանց համար ոչ թե խնդիր է այն, որ Ադրբեջանն անհամարժեք զիջումներ է պահանջում, այլ այն, որ այդ զիջումներին գնալը, այդ պահանջները կատարելն իրենց համար իշխանությունից զրկվելու գին կարող է ունենալ: Դրանով է պայմանավորված, որ ՀՀ իշխանությունները փորձում են որոշակիորեն ժամանակ ձգել, որ հանրությունը եղած իրադարձությունները կամ այդ պահին ճիշտ չգնահատի, կամ ճիշտ չընկալի, որովհետև տեղի են ունենում պրոցեսներ, որոնք իրենց բնույթով իրականում այդքան էլ մատչելի չեն: Այնպես չէ, որ բոլորը պետք է հասկանան, թե ինչ է մեր շուրջը տեղի ունենում: Այս իշխանության հիմնական նպատակը հենց դա է՝ հնարավորինս խեղաթյուրել իրական փաստերը, հանրությանը ձախողումներն ու պարտությունները ներկայացնել՝ որպես հաղթանակ:
– Քանի որ վերջին շրջանում, այս օրերին բանակում, զինծառայողների հետ տարբեր դեպքեր են տեղի ունենում՝ ողբերգական ելքով, այն է՝ ավտովթարներ, պայմանագրայինների ինքնասպանության դեպքեր, պայմանագրայինի մահվան դեպք կա, որի հանգամանքները մեկ ամիս է՝ դեռ պարզվում է՝ հակառակորդի կրակի՞ց է, թե՞ ոչ: Ավելին, օրերս քաղաքացիական անձինք ապօրինի մուտք են գործել զորամաս, վիճաբանություն սկսել: Ի՞նչ է կատարվում բանակում, ի՞նչն այն չէ, արդյո՞ք բանակի ղեկավարությունը չի գիտակցում, որ կարգապահական լրջագույն խնդիրներ կան: Իհարկե, նմանօրինակ դեպքեր նախկինում էլ են եղել, բայց այսօր իրավիճակն իսկապես անհանգստացնող է, մեղմ ասած:
– Այն, ինչ տեղի է ունենում բանակում, բանակի շուրջ, դա ուղիղ համեմատական է գործող քաղաքական իշխանության վերաբերմունքին, մոտեցումներին, գաղափարազուրկ լինելուն և բոլոր այն հայտարարություններին, որոնք այս տարիներին զինված ուժերին մեծ վնաս են հասցրել: Եվ, բնականաբար, այն, ինչ տեղի է ունենում, առաջին հերթին պայմանավորված է դրանով: Իհարկե, յուրաքանչյուր միջադեպի վերաբերյալ կարելի է առանձին դիտարկումներ, առանձին քննություններ անել, հասկանալ դրա լոկալ բնույթը, բայց ընդհանուր բարոյահոգեբանական վիճակը, մարտական պատրաստության վիճակը և այն, ինչ կարելի է հասկանալ զինված ուժերի մարտունակության տակ, ուղիղ հարվածներ է ստանում քաղաքական իշխանությունից և քաղաքական իշխանության ամենավերևի հատվածում գտնվող անձի հայտարարություններից ու գործողություններից:
– Ի դեպ, ի՞նչ եք պարզել Ձեր դիրքեր գնալ-չգնալու հետ կապված. ընդդիմադիր պատգամավորների դիրքեր գնալն արգելելու փո՞րձ է իրականացվում, նման միտո՞ւմ է նկատվում, քանի որ գոնե Սուրեն Պապիկյանի ժամանակ նման խնդիր չի եղել մինչ այս, ինչը չի կարելի ասել նրա նախորդների դեպքում:
– Հետաքրքրական է, որ իմ առաջնագիծ գնալու արգելքը համընկավ այն իրադարձության հետ, երբ իշխանության մի շարք պատգամավորներ ֆոտոսեսիաներ էին անում Կիրանցի հատվածում՝ 3-րդ բանակային կորպուսի գործող հրամանատարի հետ համատեղ:
Այսինքն, այս իշխանության համար ոչ թե զինված ուժերին ինչ-որ բանով աջակցելն է, այլ նրանց համար կարևոր են կոնկրետ մարդիկ, ովքեր իրենց նեղ քաղաքական նպատակներին են ծառայում և հանուն դրա պատրաստ են ասել ամենացնորամիտը, կարևորը՝ լինեն իշխանական խմբակի մաս: Դեռ չեմ խոսում իմ՝ որպես պատգամավորի գործառույթների մասին, որոնք ուղիղ առնչություն ունեն զինված ուժերի և այնտեղ տեղի ունեցողի նկատմամբ վերահսկողության հետ: Հավելեմ, որ տարբեր փուլերում առաջնագիծ գնալու հետ կապված խնդիրներ ունեցել եմ տարբեր նախարարների օրոք, գործող նախարարի օրոք առիթներ եղել են, երբ առաջնագծի տարբեր հատվածներ գնացել եմ, այս պահին, թե խորքային առումով ինչո՞վ են պայմանավորված պաշտպանության նախարարության արգելքները, դա իրենց պարզաբանումների դաշտում է: Ինձ պատշաճ ձևով պարզաբանում չի տրվել, բայց ենթադրելի է, որ սա ուղիղ կապ ունի քաղաքական իշխանության այս պահի ցանկությունների և քմահաճույքների հետ:
– Եվ վերջին հարցը: Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը վերջին շրջանում ակտիվություն է դրսևորում 2020 թվականի 44-օրյա պատերազմի թեմաներով, հնարավո՞ր են նոր զարգացումներ այս ֆոնին:
– Չեմ կարծում, որ ձեր նշած անձը կարող է տիրապետել այնպիսի տեղեկությունների, առավելևս չեմ կարծում, որ նրա հանրային խոսքն այնպիսի կարևորություն է ներկայացնում, որ 44-օրյա պատերազմի թեմայով կարող են ինչ-որ արմատական փոփոխություններ բերել: Այլ մեկնաբանություն չունեմ:
Մարիամ Պետրոսյան
168.am