Կթանկանա՞ն գազն ու էլեկտրաէներգիան
_1427290868.jpg)
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կառավարության խնդրեց պարզաբանում տալ տարածված տեղեկությունների մասին, որ հնարավոր է առաջիկայում գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում լինի:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ կառավարությունը ջանքեր է գործադրում, որ սակագնի փոփոխություն տեղի չունենա, բայց բազմաթիվ գործոններ են ազդում սակագնի վրա, որոնցից մեկն էլ գինն է, որն ամրագրված է ավելի ցածր, քան միջազգային շուկայում, սակայն այն արտարժույթով է: «Եթե մենք ունենանք հայկական դրամի տատանումներ, ապա այդ հարցին, բնականաբար, ամենայն հավանականությամբ անդրադարձ պետք է կատարվի: Ամեն դեպքում առ այս պահը բազմաթիվ ջանքերի շնորհիվ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել սակագներում, և այս պահին հայտ չկա ներկայացված»:
Նախարարը բացատրեց, որ սակագները ոչ թե Կառավարությունն է փոխում, այլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համապատասխան ընկերության կողմից ներկայացված հայտի հիման վրա:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացմանն, ապա Հարությունյանը հստակեցրեց, որ սակագնի փոփոխության մասին Կառավարությունը հստակ ոչինչ չի կարող ասել, քանի դեռ չկա հանձնաժողովի որոշում: Կանխատեսումներ անելով՝ նա ասաց, որ դրա վրա ևս բազմաթիվ գործոններ են ազդում: «Եթե մենք ունենում ենք ջրառատ տարի, ապա բնականաբար, ՀՀ-ում հաջողվում է արտադրել համեմատաբար էժան էլեկտրաէնեգիա, և ընդհանուր առմամբ սակագինը հնարավոր է պահել ներկայիս մակարդակին: Եթե հանկարծ լինում է ջրառատ տարի, ջուրը քիչ է լինում, և հնարավոր չի լինում արտադրել էլեկտրաէներգիա, ապա սպառումը քանի որ չի նվազում, ապա պակասող էլեկտրաէներգիան նվազում է ջերմակայանները շահագործելով, որի արտադրած էլեկտրաէներգիան ավելի թանկ է»:
Նախարարը նշեց, որ նախորդ երկու տարիներին ջրի հետ կապված վատ վիճակ է եղել, և այս հարցին կարելի է պատասխան տալ միայն իմանալով այս տարվա ցուցանիշները: