16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ալեքսանյանի շաքարավազը, Միհրանի բանանը … թեժ կրքեր ԱԺ-ում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ՏՄՊՊՀ-ի 2015 թվականի գործունեության վերաբերյալ քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հիշեցրեց, որ նախագահի հրամանագրով նա երկրորդ անգամ է նշանակվել այդ պաշտոնում:

Պատգամավորն ընդգծեց, որ օրինակ՝ հարևան Վրաստանի հետ համեմատ Հայաստանում շաքարավազի գինը բավական բարձր է: «Ի՞նչ կապ ունի այս փաստն այն իրողության հետ, որ ՀՀ ապրանքային շուկայում սպառելու համար այստեղ շաքարավազ ներկրում է մեկ անձ, և այդ անձը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է»:  

Պատգամավորն ընդգծեց, որ հանձնաժողովը պետք է պայքարի պետության հովանավորչության դեմ, ապա Շաբոյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եվրոպական մայրաքաղաքներում բանանը վաճառվում է 500 դրամով, իսկ Երևանում՝ 1300-ով: Փաշինյանը հարցրեց, թե ինչ կապ ունի սա մամուլում հայտնված տեղեկությունների հետ, թե սա պայմանավորված է նրանով, որ Հայաստան բանանի ներկրումը կատարում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: 

«Օրինակ՝ ուսումնասիրել եք այն տեղեկությունները, որ առանց Միհրան Պողոսյանի դաբրոյի ոչ մեկը Հայաստանում չի կարող ներկրել բանան»: Շաբոյանը պատասխանեց, որ այդ հայտարարություններն անիմաստ են ու անհեթեթ և իրականության հետ որևէ աղերս չունեն:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով` շաքարավազի, բանանի ներկման ոլորտներում ուսումնասիրություններ արել են: «Այո, այս ոլորտներում ներկրումն իրականացնում են մի քանի խոշոր ընկերություններ, և սա հանձնաժողովի ուսումնասիրության դաշտում է: Մեր կառույցի համար բացարձակապես նշանակություն չունի տնտեսվարողների, սեփականատերերի ով լինելը, ես չգիտեմ, որ ընկերության սեփականատերն ով է հանդիսանում, մենք գործ ունենք տնտեսվարողների հետ»:

Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարավազ ներմուծող «Ալեքս Գրիգի» հետ կապված Շաբոյանն ասաց, որ այս ընկերությունը շաքարավազի հումք է ներմուծում ՀՀ և տեղում արտադրում է շաքարավազ, ինչն ավելի ձեռնտու է, ավելի շահավետ:

«Եվ որպեսզի երկրորդ ընկերություն հայտնվի այս ոլորտում, բնականաբար երկրորդ ընկերությունն էլ պետք է ներմուծի և տեղում արտադրություն կազմակերպի, իսկ դա կազմակերպվում է մեծ գործարանում: Ի դեպ գործարանի առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը»,-շեշտեց նա: 

Բանանի ներմուծման վերաբերյալ Շաբոյանն ասաց, թե «Քեթրին գրուպ» ընկերությանը ենթարկել են պատասխանատվության գերիշխող դիրքի չարաշահման համար, և եթե կրկնվեն չարաշահումները, կրկին պատասխանատվության կենթարկեն:

Փաշինյանն արձագանքեց. «Այսօր առավոտվա տվյալներով՝ եվրոպական քաղաքաներում, Եվրոպայի կենտրոնում գտնվող երկրներում, որոնք նույնպես ծովի ափին մոտ չեն, բանանը կազմում է 500 դրամին համարժեք եվրո: Հիմա Դուք Ձեզ թույլ եք տալիս անհեթեթ և անիմաստ պատասխաններ տալ: Եթե Դուք լսեիք Ձեր պատասխանները կողքից, եթե առհասարակ լսեիք, թե Դուք ինչ եք խոսում, Դուք կիմանայիք, թե անիմաստն ինչ է, անհեթեթն ինչ է: Եթե հետևեիք Հայաստանում մրցակցության իրավիճակին և Ձեր հանձանժողովի գործունեությանը, կիմանայիք, թե անիմաստն ինչ է, անհեթեթն ինչ է»:

Շաբոյանն արդեն վրդովված հորդորեց Փաշինյանին պահպանել էթիկայի կանոնները և լինել կոռեկտ ու չափի մեջ:

«Կոչ եմ անում անում խոսել տնտեսագիտության լեզվով, ոչ թե պոպուլիստական հայտարարություններ կատարել: Դուք ինչ-որ թվեր եք ասում, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Դուք թվեր եք ասում եվրոպական շուկայից, որը տնտեսագիտորեն ճիշտ չէ, պոպուլիստական հայտարարություններ են , ես շատ կասկածում եմ, որ այդ թվերը իրականությանը համապատասխանում են»,-ի պատասխան ՀԱԿ պատգամավորի ասաց Շաբոյանը՝ ներկայացնելով իր մոտ առկա գները՝ նկատելով, որ տարբեր երկներում տարբեր ապրանքների գների վրա տարբեր գործոններ են ազդում: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ