22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խորհրդարանի մեծամասնությունը չարաշահում է սահմանադրական մեխանիզմները. Հարությունյան

Նախկին նախարարի խոսքով՝ ընդդիմությունը Հայաստանում փորձում է առավելագույնս օգտագործել օրենսդրական լծակները, սակայն դա դեռ արդյունք չի տալիս:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանի քաղաքական մեծամասնությունը չարաշահում է սահմանադրական մեխանիզմները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 10-ին մերժել է կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնելու կոչի նախագիծը քննարկելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության միջնորդությունը: Սակայն ընդդիմության նախաձեռնությամբ հունիսի 17-ին արտահերթ նիստ, միևնույն է, տեղի կունենա։
Ինչ վերաբերում է արտահերթ նիստին, ապա նրա խոսքով, այն պետք է տեղի ունենա 5-րդ օրը՝ նախաձեռնող կողմի օրակարգով։ Հարությունյանի խոսքով՝ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ արտահերթ նիստերի անցկացման ժամկետները որոշվում են նախաձեռնողի կողմից: Սակայն օրենքը հստակեցնում է այդ ժամանակահատվածը, և այստեղ խոսքը 5-օրյա ժամկետի մասին է։
«Մեծամասնությունը հայտարարում է, որ իրենք չեն ներկայանա նիստին։ Այո, եթե նրանք չներկայանան, նիստը չի կայանա։ Բայց սա հերթական անգամ վկայությունն է այն բանի, որ քաղաքական մեծամասնությունն ուղղակի համառորեն չի նկատում սահմանադրական մեխանիզմները։ Եվ չարաշահում է այդ մեխանիզմները։ Կան բազմաթիվ նմանատիպ օրինակներ։ Այդ թվում՝ քննիչ հանձնաժողովների հետ կապված։ Երբ խորհրդարանին տրվեց միայն մեկ իրավունք՝ սահմանել, թե քանի պատգամավոր և որ խմբակցություններից պետք է լինի դրանց կազմում։ Եվ քաղաքական մեծամասնությունը տապալեց նաև այդ նախաձեռնությունները՝ պարզապես չմասնակցելով քվեարկությանը», – եզրափակեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը փորձում է առավելագույնս օգտագործել օրենսդրական լծակները, բայց դա արդյունք չի տալիս։ Այս կապակցությամբ նա նաև մեկնաբանեց ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ պատգամավորական մանդատներից հրաժարվելու հնարավորության մասին խոսակցությունները: Նախկին նախարարը կարծում է, որ դա ոչ մի ազդեցություն չի ունենա երկրում ստեղծված իրավիճակի վրա։
«Հասարակության մեջ թյուր կարծիք կա, որ մանդատները վայր դնելու դեպքում սահմանադրական ճգնաժամ կստեղծվի ։ Բայց երկրի հիմնական օրենքով նախատեսված չէ, որ դրա արդյունքում պետք է նոր խորհրդարանական ընտրություններ կազմակերպվեն։ Սահմանադրական առումով խորհրդարանը կարող է շարունակել գործել։ Իհարկե, քաղաքական տեսանկյունից դա չի կարելի նորմալ աշխատանք անվանել։ Դա անկասկած քաղաքական ճգնաժամ կլինի, բայց, կրկնում եմ, ոչ սահմանադրական», – վստահ է Հարությունյանը։
«Եթե հասարակությունը, հատկապես երիտասարդությունը, իսկապես գիտակցի, թե իրականում ինչ է առաջարկում «Սրբազան շարժումը» և ինչ է առաջարկում այսօր գործող իշխանությունը, և դուրս գա փողոց, ապա վստահեցնում եմ, որ դա լինելու է պայքարի ամենաարդյունավետ սահմանադրական ճանապարհը։ Եվ արդյունք կլինի, եթե հանրային ճնշումն այնքան մեծանա, որ ակնհայտ դառնա՝ իշխող քաղաքական ուժն այլևս իշխանություն չունի Հայաստանում», – ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը նշել էր, որ ընդդիմադիր մանդատներից հրաժարվելը թույլ կտա վերջ դնել իշխանության կողմից տարածվող այն լուրերին, թե իբր Բագրատ Գալստանյանի հետևից «ինչ-որ մեկի ականջներն են երևում»։
arm.sputniknews.ru
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ