23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բոլորը կերազեին, որ մենք պաշտոնի լինեինք, եթե մենք պաշտոնի լինեինք, Ալիևը օր ու մեջ նոր պահանջ չէր առաջադրի. Շարմազանով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը

– Պարո՛ն Շարմազանով, հարցս Եկեղեցի-իշխանություն հարաբերությունների վերաբերյալ է, ինչպե՞ս եք վերաբերվում այս ընթացքում իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող՝ Եկեղեցուն հարկելու, «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու, Եկեղեցին Դաշնակցության հետ միավորելու և այլ կարգի հայտարարություններին։

– Դժվար է իշխանություն համարել նրանց, ովքեր Եկեղեցու հետ նման կերպ են վարվում, նման գնահատականներ ու լկտի առաջարկություններ են անում։ Դա կարող է անել բացառապես հայկական պետության, հայ ազգի, Հայ Առաքելական Եկեղեցու թշնամին, օրինակ՝ դա կարող էին անել երիտթուրքերը, ցարական կառավարությունը, Աբդուլ Համիդը, Էրդողանի ու Ալիևի կառավարությունները կարող են անել, բայց ոչ  հայկական իշխանությունները, հետևաբար սրանք ռեժիմ են, ոչ թե իշխանություն։

Սա արդեն քաղաքական խնդիր չէ, սա արժեքային խնդիր է, այն, ինչ անում է Նիկոլի ռեժիմը, ինձ համար նորություն չէ։ Եկեղեցու ու հայկականության դեմ պայքարը նո՞ր է սկսվել, իհարկե ո՛չ։ Սա տեղավորվում է Ջոն Բոլթոնի 2018 թվականի աշնանը՝ Նիկոլ Փաշինյանին արված  առաջարկությունների մեջ, ըստ որի հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից։

Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հերթով ի կատար է ածում  Բոլթոնի հրահանգները․ Արցախը հանձնեցին, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվեցին, ավանդական արժեքներից հրաժարվում են, Հայաստան-Սփյուռք կապն է քանդվել, գոյություն չունի արդեն, և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքար, իսկ այս բոլորն իրենց համար կաղապարներ էին։

– Այսինքն՝ եթե անգամ չլիներ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, ապա Եկեղեցու հանդեպ նույն վերաբերմունքի՞ն էինք ականատես լինելու։

– Այո՛, ես համոզված եմ ու փաստերով եմ խոսում․ 2018 թվականին Բագրատ Սրբազանը դեռ ընդդիմադիր հայացքներով հայտնի չէր, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քարկոծում էր Եկեղեցուն: Երբ Ալեն Սիմոնյանը Վեհափառ Հայրապետի հետ խոսում էր ավազանի անունով, այդ ժամանակ նման շարժում կա՞ր։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայկական սփյուռքի հետ հանդիպմանը, կարծեմ Իտալիայում էր, սպառնում էր հայ հոգևորականներին, կա՞ր նման շարժում։

Այս շարժումը պարզապես ավելի ցայտուն է դարձրել Նիկոլ Փաշինյանի հակահայկական ռեժիմի վախերը։ Եկեղեցու նկատմամբ մյուս լկտիությունների օրինակներն էլ չհիշեցնեմ, իրենք եկել են հիմնահատակ ավերելու երրորդ հանրապետությունն ամբողջությամբ։ Իսկ որ Եկեղեցին ուզում են միավորեն, հարկեն կամ այլ ինչ-որ բաներ են ասում, ես հակաաստվածային էակներին պատասխանելու բան չունեմ, դրանց պատասխանելու միակ ձևը պիտի լինի նրանց իշխանությունից հեռացնելը, քանի դեռ իրենք այդտեղ են, լկտիաբար խոսելու են։

– Պարո՛ն Շարմազանով, իսկ շարժման հաջողության հասնելու շանսերը որքա՞ն եք գնահատում։

– Չեմ ուզում հիմա շարժման հաջողությունից կամ անհաջողությունից խոսել, շարժման ղեկավարները բավականին հրապարակային հայտարարություններով են հանդես եկել, մեր կուսակցության կարծիքը կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը օրերս դատարանի առաջ շատ հստակ ասել է, հետևաբար իմաստ չկա դրանից հետո ես մեկ անգամ ևս խոսեմ։

Միայն մեկ բան կարող եմ ասել, որ ես՝ որպես քաղաքական գործիչ, մշտապես եղել եմ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը, բայց իմ պայքարը, ի տարբերություն որոշ մարդկանց, չի եղել անձի դեմ, իմ պայքարը գաղափարաբանական ու արժեքային է։ Մենք Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ չենք պայքարում նրա համար, որ նա սափրված չէ կամ առավոտները հեծանիվ է քշում։

– Ասում են՝ պայքարում եք, որովհետև պաշտոններից եք զրկվել։

– Հայրենիքից ենք զրկվել՝ առաջինը, եթե Արցախ ունենալը պաշտոն էր, ուրեմն պաշտոնից ենք զրկվել, Շուշի ունենալը պաշտոն էր, այո՛, պաշտոնից ենք զրկվել։ Բոլորը կերազեին, որ մենք պաշտոնի լինեինք: Եթե մենք պաշտոնի լինեինք, Ադրբեջանի ղեկավարը օր ու մեջ նոր պահանջ չէր առաջադրի։ Կամ պաշտոն ունենալն այդքան անբարոյակա՞ն բան է, անբարոյականությունը հայրենիք ծախելն է, հայրենիք հանձնելն է, թուրքի առաջ ծնկի գալն է, 5 հազար էրեխու վարի տալն է։ Ես որտեղ Հայաստանը ներկայացրել եմ, արժանապատվորեն եռագույն եմ պահել, ոչ թե սրանց նման: Մեր ժամանակ Ալիևը Արցախի դրոշի վրայով քայլո՞ւմ էր, Մինսկի խմբի լուծարում պահանջո՞ւմ էր, թե՞ Խոջալուի մասով պահանջում էր, որ ներողություն խնդրենք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ