Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք. Արմեն Գրիգորյան
Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ 4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չի մնում ՀՀ տարածքում։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որը այս պահին չի աշխատում, մեկը ավտոտնակ է։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։
Ճանապարհն էլ ենք կառուցելու, որը ամբողջովին ՀՀ տարածքով է անցնելու։ Մենք համոզված ենք՝ այս գործընթացով ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում»,- ասել է Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել էին՝ Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել եւ այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված։
Ինչ վերաբերում է Կիրանցին, աշխատակազմից մեկնաբանել էին, որ «սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թ․ քարտեզով: Ճանապարհի տեղափոխման խնդիր է առաջանալու, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաեւ Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար»։