Հրթիռներով գրոհել են ամերիկյան նավերի վրա. /Տեսանյութ/
Հութիները պնդում են, որ վերջին 72 ժամվա ընթացքում Կարմիր ծովում հարձակում են գործել Իսրայելի, Մեծ Բրիտանիայի նավերի և ամերիկյան ռազմանավերի վրա։
Եմենում հութիների ուժերն ասում են, որ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել՝ ուղղված բրիտանական նավի և երկու իսրայելական նավերի վրա,
որոնք շարժվում էին դեպի իսրայելական նավահանգիստներ, ինչպես նաև Կարմիր ծովում գտնվող մի շարք ամերիկյան ֆրեգատների վրա:
Նշենք, որ Հութիների «Անսար ալլահ» խմբավորման ղեկավարները նախկինում հայտարարել են, որ ունեն մոդիֆիկացված հրթիռներ և ի վիճակի են հարվածել
Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներին:
Հութիներն առևտրային նավերի վրա հարձակումներ են իրականացնում անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։
Հիշեցնենք,որ Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ հարվածներ է հասցնելու Իսրայելի տարածքին
և նրա հետ կապված նավերին թույլ չի տալու անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև պաղեստինյան անկլավում Իսրայելի ռազմական գործողությունները չդադարեն:
2023 թ․ նոյեմբերի կեսերից հութիները գրոհել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա Կարմիր ծովում և Ադենի ծոցում:
Մանրամասները՝ կից տեսանյութում: