Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց, տապանաքար № 3
Գտնվում է պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառում, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում:
Քարագլուխ գյուղատեղին բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թ․ մարտի 24-ին։
Հուշարձանի ճակատագիրն անհայտ է։
Միջին չափերի (160×40×25 սմ), նեղ, երկարաձիգ, հարթ և քանդակազարդ սալատապան է, որը վերնամասում ունի փոքրիկ գլխաքար։
Կերտված է մոխրագույն կրաքարից:
Ուղղանկյուն տապանաքար է ՝ 1/4 հարաբերությամբ, որի ողջ մակերեսը երիզված է լայն շղթայազարդ շրջանակով։
Շրջանակից ներս հոգևորականի ոճավորված գծային պատկերն է։
Վերջինիս աջ ձեռքում եկեղեցական արարողակարգի համար նախատեսված բուրվառն է:
Տապանաքարի հորինվածքը կարծես գոտով բաժանված է երկու մասի։
Հանդերձի վրա՝ գոտուց ցած, խոր ակոսով պատկերված է հոգևորականի գավազանը, իսկ քղանցքի տակից երևում են դեպի ձախ ուղղված ոտքերը։
Ուշագրավ է նաև տապանաքարի վերնամասում տեղադրված գլխաքարի առկայությունը, որի կիսաշրջանաձև խորանի ներքո հավերժությունը խորհրդանշող վարդյակ է քանդակված։
Ճարտարապետ Մանվել Սարգսյանը 1980-ական թթ․ նախնական ուսումնասիրման նպատակով այցելել և լուսանկարել է գերեզմանոցը, դաշտային հետագա ուսումնասիրությունները իրականացվել են 2021 թվականին՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։
Կարևոր է տապանաքարային արվեստի ուսումնասիրության համար և առանձնանում է իր պատկերագրական և գեղարվեստական լուծումներով։