22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայկական պատվիրակության ձեռնարկումը` Ռիո+20 գագաթաժողովի շրջանակներում

Ռիո դե Ժանեյրոյի “Ռիո Ցենտրո” կենտրոնում հունիսի 15-ին Ռիո+20 գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել “Կայուն զարգացման համաթվի մեթոդաբանությունը – հնարավոր տարբերակներ” խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր ՀՀ պատվիրակությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի եւ Յեյլի համալսարանի Բնապահպանական իրավունքի եւ քաղաքականության կենտրոնի աջակցությամբ եւ մասնակցությամբ:  ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից  Henaran.am-ին- տեղեկացրին, որ միջոցառման ընթացքում ներկայացվեցին այս ուղղությամբ վերջին քսան տարիների ընթացքում ՀՀ մասնագետների կատարած մեծածավալ աշխատանքը, որի ակնառու գնահատականներից մեկն էլ Ռիո+20 գագաթաժողովի շրջանակում այս միջոցառման կազմակերպմանն արժանանալն էր: Նմանատիպ համաթվի ձեւակերպման փորձերը դեռեւս շարունակվում են բազմաթիվ երկրների գիտական, պետական եւ ոչ պետական կառույցների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից:

Քննարկմանը մասնակցել են մի շարք երկրների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ գիտական շրջանակների մոտ չորս տասնյակ ներկայացուցիչներ եւ անհատներ:

Միջոցառումը վարում էր ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: Բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գեւորգյանը՝ հնչեցնելով ՀՀ վարչապետի ուղերձը:

Տեսանյութերով ներկայացվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դաֆինա Գերչեւայի եւ ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների Բրատիսլավայի Տարածաշրջանային կենտրոնի ավագ խորհրդատու Անդրեյ Իվանովի ողջույնի խոսքերը:

Կայուն մարդկային զարգացման համաթվի ձեւավորման հայաստանյան փորձը ներկայացրեց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ, ԵՊՀ պրոֆեսոր Կարինե Դանիելյանը, որից հետո ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Յուրի Պողոսյանը ներկայացրեց համաթվի հաշվարկման մեթոդոլոգիան, դրա բաղադրիչները, ինչպես նաեւ Հայաստանի համար կատարված հաշվարկներն ու արդյունքները:

Յեյլի համալսարանի Բնապահպանական իրավունքի եւ քաղաքականության կենտրոնի բնապահպանական իրագործման գործակցի ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Անգել Հսուն ներկայացրել է կենտրոնում այս ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ իր հերթին բարձր գնահատականի արժանացնելով հայ մասնագետների աննախադեպ ձեռքբերումները:

Իրականացված աշխատանքը բարձր գնահատեցին  ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ՄԱԶԾ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները եւ գիտնականները:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ