Հայ ժողովրդի ծագման մասին 5-րդ դարի տվյալները արժանահավատ են. The New York Times
5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին գրել է, որ հայ ժողովուրդը ծագել է մ.թ.ա. 2492 թվականին: Չնայած պատմիչը նշել է, որ ճանապարհորդել է Բաբելոն և ուսումնասիրել հնադարյան աղբյուրները՝ այդ տարեթիվը սովորաբար համարվում էր առասպելական: Սակայն ամերիկացի գիտնականների կատարած վերջին հետազոտությունները ապացուցում են Խորենացու պատմության արժանահավատությունը՝ անկախ նրանից, թե նա, իրոք, ուսումնասիրել է աղբյուրները, թե բախտագուշակել, գրում է Interpress.am-ը` The New York Times-ին հղումով:
Գենետիկները սկանավորել են Հայաստանի և Լիբանանի 173 հայերի գեները և դրանք համեմատել աշխարհի այլ 78 ազգերի գեների հետ:
Պարզվել է, որ հայերը հնագույն ժողովուրդների խառնուրդ են, ում ժառանգներն այսօր բնակվում են Սարդինիայում, Կենտրոնական Ասիայում և մի քանի այլ տարածաշրջաններում: Գենետիկական ուսումնասիրությունների համաձայն, այդ ժողովուդների միախառնումը տեղի է ունեցել մ.թ.ա. 3000-2000 տարի առաջ, ինչը լիովին համընկնում է Մովսես Խորենացու Հայաստանի հիմնադրման համար տված թվագրության հետ:
Բրոնզե դարի վերջին, երբ ժողովուրդների միաձուլումը դեռ ընթացքի մեջ էր, տեղի է ունեցել ժողովուրդների տեղաշարժ պայմանավորված առևտրով, պատերազմներով և ժողովրդագրական աճով: Իսկ մ.թ.ա. 1200 թվականից հետո Արևելյան Միջերկրածովի բրոնզեդարյան քաղաքակրթությունների անսպասելի անկումը, կարծես թե, հանգեցրեց մյուս ժողովուրդներից հայերի մեկուսացմանը: Հետագա տարիներին հայերի և մյուս ժողովուրդների միջև էական միախառնումներ տեղի չեն ունեցել, ինչի մասին վկայում են գենետեիկ հետազոտությունները:
Այս մեկուսացումը պայմանավորված է եղել հայկական մշակութային մի շարք առանձնահատկություններով: Հայերն ունեն յուրահատուկ լեզու և այբուբեն, իսկ Հայ առաքելական եկեղեցին առաջինն էր, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն՝ մ.թ. 301 թվականին, առաջ անցնելով Հռոմեական կայսրությունից, որը քրիստոնեությունը պետական կրոն է հռչակել մ.թ. 380թ.:
Բացի այդ, գենետիկ հետազոտությունները շեղումներ են ցույց տվել հայկական արևելյան և արևմտյան հատվածների միջև, որն առաջացել է 500 տարի առաջ Օսմանյան և Սեֆյան դինաստանների միջև բռնկված պատերազմի սկզբներին, երբ Հայաստանի բնակչությունը բաժանվեց թուրքական և պարսկական կայսրությունների միջև:«Այս ԴՆԹ-ի ուսումնասիրությունը հիմնականում հաստատում է հայոց պատմության մասին մեր գիտելիքները»,-ասել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պատմաբան Հովհան Սիմոնյանը:
Գենետիկների թիմը Մարկ Հաբերի և Քրիս Թայլեր-Սմիթի գլխավորությամբ Սենգերի ինստիտուտից, որը գտնվում է անգլիական Քեմբրիջի մոտ, օգտագործում է հայերի նման երկար ժամանակ մեկուսացման մեջ գտնվող ժողովուրդներին որպես ժողովուրդների պատմությունը վերակառուցելու միջոց:
Հայերը կիսում են իրենց ԴՆԹ-ի 29 տոկոսը Էցիի հետ (Otzi), մի մարդու, ում 5300 տարեկան մումիան հայտնաբերվել է 1991 թվականին հալչող ալպյան սառույցներում: Այլ գենետիկորեն մեկուսացված մերձավորարևելյան ժողովուրդներ, ինչպիսին են կիպրիոտները, սեֆարդիկ հրեաները և լեբանանցի քրիստոնյաները նույնպես ծագումնաբանական մեծ ընդհանրություն ունեն այս սառցեմարդու հետ, մինչդեռ մնացած մերձավորարևելցիները, ինչպիսին են օրինակ թուրքերը, սիրիացիները և պաղեստինցիները՝ ավելի քիչ:
Դա նշանակում է, որ հայերն ու մեկուսացած մյուս ժողովուրդները մեր օրերի Մերձավոր Արևելքի բնակիչներից ավելի մոտ են նեոլիթյան շրջանի հողագործներին, որոնք մոտ ութ հազար տարի առաջ Եվրոպա բերեցին գյուղատնտեսությունը:
Հետազոտության արդյունքները անցած ամիս հրապարակվել են bioRxiv թվայնացված գրադարանում, ուր տեղադրվում են հոդվածներ նախքան դրանց հրապարակումը: Դոկտոր Թայլոր-Սմիթը՝ գենետիկ թիմի ավագ գիտաշխատողը, ասում է, որ նա չի կարող քննարկել իրենց արդյունքները, քանի որ վախենում է, որ այն կարող է վնասել իր կողմից չնշված ամսագրում նյութի հրապարակմանը:
Աղբյուր` Interpress.am