..Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝ ապրելու հսկա տենչը բեռ արած… /վիդեո/
..Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ արած,—
Քայլել անիմաստ մի կյանքի համար,
Մարել — ու վառել աստղերը մարած,
Որ — տիեզերքի զառանցանքը մառ
Չցնդի՜ երբեք ու մնա— երազ…
Այսօր հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծնդդյան օրն է:
Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարսում: Ծնողները ծագումով Մակու քաղաքից էին, ահա թե ինչու նա իրեն անվանում էր Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում:
Չարենցի անդրանիկ՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն՝ նվիրված իր մտերմուհիներից մեկին՝ Աստղիկ Ղոնդախչյանին, լույս է տեսել 1914թ. Կարսում՝ Շ. Կ. Սուրենյանի «Արևագալ» տպարանում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ազգային ազատագրության մասին երազանքով Չարենցը հայտնվում է հայկական կամավորական գնդերից մեկում։ Նա իր ջոկատի հետ մարտերով հասնում է մինչև Վան, այդ ժամանակ էլ գրում հայտնի «Դանթեական առասպել» պոեմը։ Չարենցի հայտնի ստեղծագործություններից են «Ամբոխները խելագարված», «Գանգրահեր տղան», «Խմբապետ Շավարշը» պոեմները, «Երկիր Նաիրի» վեպը, «Մահվան տեսիլ», «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծությունները և այլն։
1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:
1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:
1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:
Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ: