Վարչապետը ողջ-առողջ է եւ շարունակում է պաշտոնավարել, իսկ ԿԲ նախագահը` վատառողջ է
Խորհրդարանն այսօր շարունակում է քննարկել երեկ մեկնարկած երկու հազար տասներեք թվականի պետբյուջեի նախագիծը, որը ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Ֆինանսների նախարարին ԱԺ ՀԱԿ խմբակցութան պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվեց, թե ինչու վարչապետը չի ներկայացնում բյուջեի նախագիծը: “Գուցե հրաժարական է տվել, գաղտնի եք պահում”,-նկատեց պատգամավորը` հավելելով,լ, թե չի եղել մի դեպք, երբ բյուջեն վարչապետը չներկայացնի խորհրդարանին:
Ի պատասխան Վաչե Գաբրիելյանն արձագանքեց.”Վարչապետը ողջ-առողջ է եւ շարունակում է պաշտոնավարել”: Ֆինանսների նախարարը առողջություն մաղթեց նաեւ պատգամավորին:
ՀԱԿ մեկ այլ պատգամավորի` ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին էլ մտահոգեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի բացակայությունը: Հարակից զեկուցող, ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին Հրանտ Բագրատյանը, մինչ իր բուն հարցին անցնելը, դիմեց. “ԿԲ նախագահը նույնպես չի եկել, կարող է ասեք գործուղման է, բայց բյուջեի քննարկման ժամանակ գործուղում չեն գնում”:
Ներսես Երիցյանն ասաց, որ ԿԲ նախագահը հարգելի պատճառով ներկա չէ, նա վատառողջ է: