22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շուշիի ռեալական ուսումնարան

19-րդ դարում և 20-ի սկզբին Շուշիում աննախադեպ զարգացում է ապրել մշակութային կյանքը, որից անմասն չէր նաև կրթությունը:

1835 թվականին Շուշիում գործում էր 3 դպրոց՝ 100 աշակերտով:

1838 թվականին այստեղ հիմնվել է Շուշիի թեմական դպրոցը, որը գործել է մինչև 1920 թվականի ողբերգական դեպքերը:

1864 թվականին Մարիամ Հախումյանի ջանքերով ու ծրագրով բացվել է օրիորդաց դպրոցը, որը նույնպես պահպանվել է մինչև 1920 թվականը:

Իսկ ահա 1881 թվականին շուշեցի մեծահարուստ Մովսես բեկի տանը բացվում է մի նոր տիպի դպրոց՝ Շուշիի ռեալական ուսումնարանը, որը մոտ 40֊-ամյա գոյության ընթացքում պակաս դեր չի խաղացել մատաղ սերնդի կրթության գործում, թեեւ Թեմականի նման երկարամյա կյանք չի ունեցել։

Ռեալականը պետական ուսումնարան էր, որտեղ ուսումը տարվում էր ռուսերեն լեզվով եւ որտեղ սովորում էին հայեր, թաթարներ եւ ռուսներ, սակայն սովորողների ստվար մեծամասնությունը կազմում էին հայերը։

Ուսումնարանը 1896 թվականի տվյալներով ուներ 298 աշակերտ, որից 236 հայեր էին, մնացածը՝ այլազգիներ։

Շուշիի կրթական ներուժն այդ ժամանակների համար բավականին հզոր էր:

Ի տարբերություն ռուսական գիմնազիաների, որտեղ ուսման գործում գլխավոր դեր էին խաղում դասական եւ նոր լեզուները (լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն), ռեալական ուսումնարանը գլխավորապես ուշադրություն էր դարձնում բնագիտական ու ֆիզիկամաթեմատիկական գիտությունների վրա։

Այս դպրոցն ավարտողները իրենց ուսումը մեծ մասամբ շարունակում էին եվրոպական հեղինակավոր կրթական հաստատություններում և Ռուսաստանի տեխնիկական բուհերում ու դառնում ճարտարապետներ, հաղորդակցության ուղիների ինժեներներ եւ նման տեխնիկական գծով աշխատող մասնագետներ։

Ռեալական ուսումնարանի բացումը Շուշիում որոշ վտանգ էր սպառնում թեմական դպրոցին, քանի որ նա պետք է դեպի իրեն քաշեր քաղաքում սովորել ցանկացողներին, մանավանդ, որ նա միանգամայն ապահովված էր պետական միջոցներով (կայուն բյուջեով) եւ ավելի ապահով ու լայն ասպարեզ էր խոստանում դպրոցն ավարտողներին, հետագայում ուսումը շարունակելու եւ լավ պաշտոններ գրավելու համար։

Եվ հիրավի, Շուշիի այդ ուսումնարանում սովորելու ցանկությունը խիստ մեծ էր, մանավանդ ունեւոր դասակարգերի կողմից, որոնք ամեն կերպ աշխատում էին իրենց զավակներին կրթության տալ հենց այդտեղ։

Շուշիի ռեալականը ուներ 2 նախապատրաստական եւ 5 հիմնական դասարան։ Աշակերտները 6֊րդ դասարանն ավարտելուց հետո ստանում էին հասունության վկայական, իսկ 7-րդ դասարանն ավարտելուց հետո՝ ավարտական վկայական։

Դասավանդվում էր ռուսաց լեզու, մաթեմատիկա, պատմություն, բնագիտություն, աշխարհագրություն, ֆրանսերեն եւ գերմաներեն, գծագրություն եւ գեղագրություն, երաժշտություն, երգեցողություն, առարկաները:

Հայոց լեզու դասավանդել են միայն 1881-1883 թվականներին, իսկ այնուհետև այն հանվել է ուսումնական պլանից։ Միայն 1906 թվականից հետո հայոց լեզուն նորից մտցվեց ուսումնական պլանի մեջ։

1905 թ․ հեղափոխության օրերին ռեալականի աշակերտությունը կազմակերպել է բուռն աշակերտական ցույցեր եւ այդ տեսակետից առաջատար դեր խաղացել Շուշիի ամբողջ աշակերտության կյանքում, ունեցել իր ընդհատակյա աշակերտական մամուլը։ Մեծ է եղել նաեւ նրա ակտիվ մասնակցությունը 1917 թ․ հեղափոխությանը։

Ռեալական ուսումնարանը ունեցել է համեմատաբար ավելի ընդարձակ բյուջե, համեմատաբար բարեկարգ ֆիզիկաի ու քիմիաի կաբինետներ, ընդարձակ ընդհանուր ու ֆունդամենտալ գրադարան (գլխավորապես ռուսերեն լեզվով):

1901 -1908թթ. Շուշիի պատվավոր քաղաքացի, մեծահարուստ Գրիգորի Մարտենի Առաքելյանի միջոցներով կառուցվել է ռեալական ուսումնարանի եռահարկ շենքը, որի ավերակները կանգուն են առայսօր։

Օկուպացված է Ադրբեջանի կողմից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ