24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վանական համալիր Կարմիր վանք

Վանական համալիրը գտնվում է Վաղուհաս գյուղից մոտ 2.5կմ հարավ-արեւմուտք, խոր անտառի մեջ, Վաղուհաս գետի ձախ ափի բարձունքի վրա:

Տեղավայրը, որտեղ գտնվում է վանքը, կոչվում է «Լաբան»:

Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, նրան արեւմուտքից կից գավթից, մատուռից, այլեւայլ ներկայումս ավերակված շինություններից, ինչպես նաեւ արձանագիր ու անարձանագիր խաչքարերից ու տապանաքարերից:

Կառուցված է ճեղքված քարերով (եկեղեցու չափերը` ներքուստ` 5,8 x 3,2 մ, գավթի չափերը` 5,9 x 4,5 մ):

Վանքին հարավ – արեւելյան կողմից կից է մատուռը` թաղակապ մի շինություն, որի մուտքը բացվում է արեւմուտքից (չափերը` դրսից` 4,96 x 2,90 x 4,5 մ):

Ըստ եկեղեցու հյուսիսային պատի վրայի արձանագրության, Կարմիր վանքի եկեղեցին կառուցվել է 1224թ. Վախթանգի որդի Սակռի կողմից:

Հայտնի է, որ Արցախի Վերին Խաչենի ճյուղը կոչվում էր Սակռյանց, որը Ներքին Խաչենի ճյուղից հատվածվել է Սակռ նախնուց:

Վերջինիս ժառանգորդներից էր Ծարի իշխանազուն Վախթանգը, որն ըստ պատմական աղբյուրների ունեցել է երեք որդի՝ Հասան, Հովհաննես եւ Սակռ, որոնց մասին տեղեկություններ են պահպանվել մասնավորապես ոչ միայն Կարմիր վանքի, այլև Խաթրավանքի վիմական արձանագրություններում, ինչպես նաեւ` «Հին Վաղուհաս» գյուղատեղիի մի խաչքարի վրա:

Վաղուհասն այդ ժամանակ շրջակա տարածքներով հանդերձ մտնում էր Ծարեցիների տիրույթների մեջ, որոնց իշխանական տապանատունը նշված Խաթրավանքն էր:

Սակռը Դոփի ամուսին Հասան գահերեց իշխանի կրտսեր եղբայրն էր:

Նույն Կարմիր վանքի հարավային պատի վրայի 1259թ. արձանագրության մեջ հիշատակվում է նաեւ Սակռի որդի Տեր Գրիգորիսը, ով 1224թ. արձանագրության մեջ հանդես էր գալիս որպես վանքի սպասավոր, իսկ 1281թ. մեկ այլ արձանագրության մեջ՝ որպես վանքի եկեղեցու վերաշինող. Ես Գրիգորիս, որդի Սակռի, վերստին շինեցի զեկեղեցիս ի թուիս ։ ՉԼ։ (1281թ.):

Եվս մեկ ուշագրավ նկատառում՝ կապված Կարմիր վանքի հետ.

Վիմական արձանագրություններում վանքը ներկայացվում է որպես «Սբ. Գրիգոր Բերդաձորա» առանձին ուսումնասիրողների ապակողմնորոշվելով Արցախի Բերդաձոր գավառի տեղորոշման խնդրում` «Աշխարհացոյց»-յան այդ գավառը տեղակայելով Վերին Խաչենի Վաղուհասի շրջակա տարածքներում:

Իրականում «Բերդաձոր» անվան հիշատակությունը ցույց է տալիս համանուն տարածքում («Կիրատափ» կոչված բարձրադիր լեռնաշղթայից հյուսիս եւ արեւմուտք) անջրպետված ու առանձացված տարածքի կամ գավառակի առկայությունը:

Վանքի պատերին զետեղված արձանագրությունները, ինչպես նաեւ այստեղ գտնվող Սակռ իշխանի տապանաքարը վկայում են, որ Վախթանգյան իշխանական տան Սակռյան ճյուղի տիրույթն իրոք-որ եղել է այս վայրում` վարչական կենտրոն ունենալով մոտակա «Խոխի» (Շլորուտի) ամրոցը:

Դեռ ավելին` վիմական արձանագրությունները ապացուցում են, որ Խոխին ոչ միայն բերդի անվանում է, այլեւ առանձին վերցված տարածքի (ըստ արձանագրությունների` «երկիր»), որի մասին տեղեկություններ են պահպանվել վիմագրերում.

Արձանագրություն նույն Կարմիր վանքի եկեղեցու հյուսիսային պատին. «ՈՀԸ։ (1229) թվին ես Տիրածայրս Ապարանից բարեպաշտ արքային Ջալալին իմ ինչիւք գնեցի զԳոխին երկիրն եւ ետու ի սուրբ ուխտս Բերդաձորա…» (ՈՀԸ (1229) թվին ես՝ Տիրածայրս Ապարանից (ապարանքի Տիրածայրս), իմ ունեցվածքով գնեցի բարեպաշտ արքա Ջալալի Գոխին հողակտորը և տվեցի Բերդաձորի սուրբ ուխտիս)։

Ստորև ներկայացվում են Կարմիր վանքում գտնվող մյուս ուշագրավ արձանագրությունները .

Եկեղեցու հարավային պատին՝ ներքուստ, արտաքին մուտքից վերև, իրար միացած երկու քարերի վրա.
«Թվ[ին] ։ ՉԸ ։

(1259) Ես Տէր Գրիգոր Ամարասա եպիսկոպոս միաբանեցա Սուրբ Ուխտիս եւ ետու զամէն վարձս վարդպետին որ շինեց զեկեղեցիս. Առաջնորդ տեղիս Տէր Գրիգորէս եւ այլ միաբանքս կարգեցին ինձ ի տարոջն Գ ժամ անխափան. ով չառնէ կապած Աստուածայ»

(1259թվին ես Տեր-Գրիգոր՝ Ամարասի եպիսկոպոս միաբանեցի Սուրբուխտիս(հետ) և ամբողջ վարձս տվեցի վարդապետին, որ շինեց այս եկեղեցին. Այստեղի առաջնորդ Տեր Գրիգորեսը և մյուս միաբաններն ինձ տարվանից կարգեցին անխափան երեք ժամ. ով չընդունի, կապված է աստծուց )։

Գավթում գտնվող տապանաքարի արձանագրությունը.

«Այս է հանգիստ բարեպաշտ պատրոնին Սակռի զոր տացէ Քրիստոս.

Սմայ զարքաութիւն երկնից ամէն» – (Սա եկեղեցու հովանավոր(կամ կառուցող) բարեպաշտ Սակռի գերեզմանն է, որին Քրիստոս երկնքի արքայություն կտա, ամեն):

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ