26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գիտնականները խնդրում են կասեցնել «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի կիրառումը

7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները:

Մասնագիտական քննարկման ու քննության նյութ դարձնելով «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը՝ մասնագետները գտնում են, որ այն չի բավարարում հանրակրթական դպրոց ներմուծելու անհրաժեշտ պայմանները։

Նրանք խնդրում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ կասեցնել դասագրքի կիրառումը կրթական գործում։

«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը հայտնում է, որ սա «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ հեղինակավոր գիտնականների միասնական մասնագիտական եզրակացությունն է, որին միացել են ճանաչված գիտնականներ, որոնց թվում են ՀՀ ԳԱԱ Պատմության, Հնագիտության և Ազգագրության ինստիտուտների տնօրենները, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը, ԵՊՀ և ՀՄՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչները, ԵՊԱ Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչը և մի շարք հարգարժան և մեծ հեղինակություն վայելող գիտնականներ:

«Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի էջում գրված է.

«2023 թ․ պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքն ունի հայեցակարգային, մեթոդաբանական, գիտականության, կրթադաստիրակչական, մանկավարժական, պատկերագրական նյութի, տեխնիկական և փորձագիտական համալիր խնդիրներ։
Դասագրքի տեքստում գերակայում են վարկածային մոտեցումները։ Պատմություն առարկայի դասավանդման ընթացքում պետք է բացառվեն չստուգված վարկածներն ու ենթադրությունները, բուն տեքստը պետք է հիմնված լինի անառարկելի փաստերի վրա։

Դասագրքի տեքստը չի անցել համապատասխան փորձագիտական ու մասնագիտական գրախոսության փուլերով, որի արդյունքում կբացառվեին սպրդած սխալների ու անճշտությունների զգալի մասը։

Դասագրքի տեքստում հանդիպում ենք անտեղի նեղ մասնագիտական ու ակադեմիական եզրույթների, որոնք զգալիորեն բարդացնում են աշակերտների մոտ նյութի մատուցումն ու ընկալումը՝ լրացուցիչ խնդիրներ ստեղծելով նաև ուսուցիչների համար։

Ակնհայտ է, որ հաշվի չեն առնվել աշակերտների կրթական ու տարիքային առանձնահատկությունները։

Դասագրքում մատուցվող կարևոր պատմական իրադարձությունների հանդեպ տեսանելի է ընդգծված մակերեսային մոտեցում, այնինչ առկա են նաև դրվագներ, որոնցում կան անհարկի մանրամասներ։

Դասագիրքը, որը կոչված պետք է լիներ պատշաճ կերպով ուսուցանել հայ ժողովրդի ծագումնաբանության, նրա կերտած պետականության, մշակութային ու հոգևոր ժառանգության հարուստ անցյալը, չի պատրաստվել հավուր պատշաճի, հենց այս կարևոր բովանդակային պահանջները բավարարելու համար

Դասագիրք ներմուծված պատկերագրական նյութը ընտրվել է առանց որևէ հայեցակարգի և ակնհայտորեն կրել է կամայական բնույթ,

տեքստում առկա QR կոդերը ճիշտ չեն մտածված, հաշվի առնված չեն աշակերտների տարիքային առանձնահակությունները,

բացակայում են դիդակտիկ նյութերի բացատրագրերը, բազմաթիվ ու ակնհայտ անճշտություններ կան քարտեզագրական նյութի մեջ։

Դասագիրքը կազմելիս՝ չի իրականացվել կազմարարական պատշաճ աշխատանք, հրատարակության տառատեսակն ու լուսանկար-տեքստ համադրությունն անհամաչափ է՝ ի վնաս տեսողական նյութի, որն ուղղակի կորչում է՝ չհանդիսանալով լրացուցիչ տեղեկություն հաղորդող միջոց։

Որոշ հատվածներում տողերի խտացման հետևանքով բառերը ամբողջ տողում միմյանց կպած են։

Դասագրքում առկա են ոճաբանական ու սրբագրական բնույթի անճշտություններ։

Դասագրքում զետեղված լուսանկարների ու քարտեզների վատ գունաբաժանման արդյունքում նյութի մատուցումը խոտանված է, ինչն իր հերթին տեսողական խնդիրներ կարող է առաջացնել աշակերտների մոտ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ