24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԵԿ-ը հրապարակել է անշարժ գույքը վարձակալության հանձնելու ՊԵԿ-ի պայմանները

Հայաստանի պետական երկումտների կոմիտեն հրապարակել է անշարժ գույքի սեփականատիրոջ՝ իր գույքը վարձակալության հանձնելու համար անհրաժեշտ պայմանները՝ հարկային դաշտում մնալու եւ խոշոր տուգանքներ վճարելու տհաճությունից խուսափելու համար:
Ըստ ՊԵԿ-ի՝ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս սեփականատերը պետք է վարձակալության պայմանագիր կնքի: Պայմանագիրն էլ պետք է պետական գրանցում ստանա։ Եթե ինչ-ինչ պատճառներով պայմանագիրը չի ստացել պետական գրանցում, անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրած ֆիզիկական անձը պետք է այցելի հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին եւ թղթային եղանակով վարձակալության վերաբերյալ հայտարարություն ներկայացնի:

Երբ պետք է ներկայացնել հայտարարությունը
Անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնի վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում: Իսկ եկամտի ստացման դադարեցման դեպքում՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։

Ինչպես լրացնել հայտարարությունը
Հայտարարությունը պետք է ներկայացնել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին՝ թղթային տարբերակով՝ պարտադիր լրացնելով հետեւյալ տվյալները.
վարձատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը,
հարկ վճարողի հաշվառման համարը (որը պետք է ստանալ նախապես),
անձնագրային տվյալները,
հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը,
հայտարարության ներկայացման ամսաթիվը,
անշարժ գույքի վերաբերյալ տվյալները,
վարձակալության ժամկետները,
վարձակալությունից ստացվող եկամտի չափը։

Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)
Հայտարարությունը ներկայացնելու եւ եկամտային հարկը վճարելու համար անհրաժեշտ է հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) եւ կնքել հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր: Դրա համար պետք է այցելել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին կամ հարկային մարմնում իր անունից հանդես գալու համար լիազորել այլ անձի: Գույքը վարձակալությամբ հանձնած անձը դա կարող է անել նաեւ առցանց եղանակով՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային file-online.taxservice.am համակարգի միջոցով։
Որքան է եկամտային հարկի դրույքաչափը
Անշարժ գույքը ֆիզիկական անձին վարձակալությամբ տրամադրելու դեպքում վարձատու ֆիզիկական անձը պարտավոր է ստացվող վարձակալական վճարից վճարել եկամտային հարկ: Այն հաշվարկվում է գույքի վարձակալությունից ստացված եկամտից 10% դրույքաչափով։ Հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում՝ գերազանցող մասի համար հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով:

Երբ եւ ինչպես պետք է վճարել եկամտային հարկը
Վարձակալական վճարներից եկամտային հարկն անհրաժեշտ է հաշվարկել ինքնուրույն եւ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ file-online.taxservice.am համակարգի միջոցով, հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի եւ սոցիալական վճարի տարեկան հաշվարկ։
Եկամտային հարկը պետք է հաշվարկել եւ վճարել մինչեւ հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ։

Որքան է տուգանքի չափը
2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքի համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից, անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենսգրքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը գանձվում է 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը։

Որ դեպքերում չի կիրառվի տուգանք
Տուգանքը չի կիրառվում այն դեպքում, երբ անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում։
Տուգանքը չի կիրառվում նաեւ այն դեպքում, երբ վարձակալության գործարքից ծագող իրավունքները չեն ստացել պետական գրանցում, սակայն «անշարժ գույքին առնչվող եկամտի ստացման իրավունքի մասին»՝ օրենսգրքով սահմանված ժամկետում հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն: Տուգանքը չի կիրառվում նաեւ այն դեպքում, երբ հարկ վճարողն անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից (oրենսգրքով սահմանված կարգով) հաշվարկել է եկամտային հարկը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ