Ծամձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Ծամձոր գյուղը գտնվում է Հադրութի շրջանի հարավային մասում։
Որոշ աղբյուրներում հիշատակվում է Զանձոր, Ձեմձոր անուններով։
Ըստ Մակար Բարուդարյանի, Ծամձորի բնակիչները բնիկ են։
19-րդ դարում Ծամձորից մի քանի ընտանիք տեղափովել և բնակություն է հաստատել Չափար գյուղում։
Նույն դարի վերջին գյուղն ուներ 620 բնակիչ։
1991 թվականի հունիսի 5-ին «Օղակ» գործողության արդյունքում հայաթափվել է և ամբողջությամբ գրավվել ադրբեջանական օմոնականների կողմից, որոնք ամբողջությամբ հրկիզել են գյուղը։
Ազատագրվել է նույն թվականի նոյեմբերի 15-ին։
2020 թվականի հոկտեմբերից օկուպացվածէ Ադրբեջանի կողմից։
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում:
Եռանավ բազիլիկ է, կիսաշրջան խորանով և զույգ ավանդատներով։
Ունի 14,6 մետր երկարություն, 10 մետր լայնություն, 7,5 մետր բարձրություն։
Տանիքը ներքուստ թաղակապ է, արտաքուստ պատված է թիթեղով։
Միակ մուտքը բացվում է հարավից, լուսավորությունը ստանում թվով հինգ լուսամուտներից։
Եկեղեցու հարավային պատին պահպանվել են երկու արձանագրություններ։
Առաջինը վերաբերում է եկեղեցու կառուցմանը․ «․․․անունն Սուրբ եկեղեցիս թվին ։ ՌՃԽԵ (1696)»:
Մյուս արձանագրությունը թվագրված է 1818 թվականով։ Այն ամենայն հավանականությամբ եկեղեցու վերակառուցմանն է վերաբերվում։
Եկեղեցու պատերին ներքուստ և արտաքուստ ագուցված են խաչքարեր և խաչապատկեր տապանաքարեր։
Տապանաքարերից մեկն արձամագիր է․ «Յիսուս Քրիստոս․Այս է հանգիստ տէր Սարքիսին թվին:ՌՃԾԲ:(1703)։ Ես մեղապարտ անարժան տէր Ղազարս գրեցի, որ է անյիշատակ, ով կարդայ աստուած ողորմի ասեցէք եղկէոյս»։
Գյուղի շրջակայքում նույնպես կային պատմամշակութային նշանակության հուշարձաններ, միջնադարյան գյուղատեղիներ, գերեզմանոցներ, Կեծե սրբատեղին, կամուրջներ: