ՀՀԿ-ը հարգանքով է վերաբերվում Գագիկ Ծառուկյանի որոշմանը /վիդեո/
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որի ժամանակ քննարկվել է ԵԺԿ-ի կողմից հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ ընդունված բանաձևը, ԱԺ արտահերթ նիստը, ներքաղաքական ու ներկուսակցական հարցեր: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե գոհ են նրանից, որ ԲՀԿ արդեն նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս քաղաքականությունից, նա պատասխանեց. «Գոհ կամ դժգոհ լինելը քաղաքական կատեգորիաներ չեն: Այո, ընթերցել եմ պարոն Ծառուկյանի ելույթը, նա այնտեղ հստակ նշել է պատճառներն՝ ինչու է դուրս գալիս քաղաքականությունից: Մենք հարգանքով ենք վերաբերում Գագիկ Ծառուկյանի որոշմանը»:
Հարցին, թե Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն, ով դուրս է եկել ԲՀԿ-ից, արդյոք չի դիմել ՀՀԿ անդամակցելու, Շարմազանովը պատասխանեց, որ Բալասանյանն ԱԺ նախկին փոխխոսնակ է, իր գործընկերն է, ու կոռեկտ չի համարում նրա ապագայի մասին դատողություններ անել: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ընդդիմադիր դառնալուն, ապա ԱԺ փոխնախագահը նկատեց.
«Այսօր արձանագրվեց այն, ինչ մասին նաև դուք ձեր վերլուծական հոդվածներում գրում էիք: Իմ խորին համոզմամբ՝ ճիշտը նա է, որ քաղաքական դաշտում հստակ տարանջատում լինի, այլընտրանք եզրույթն ինձ համար անհասկանալի է: Հիմա ԲՀԿ-ն ինչպիսի մարտավարություն է որոշում, դա ԲՀԿ-ի ու ցանկացած կուսակցության որոշելու հարցն է, մենք որևէ միջամտելու հարց չունենք»:
ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ պատրաստ են աշխատել բոլոր կառուցողական ու գաղափարական ուժերի հետ: