«Ընդամենը տեղի է ունեցել բառերի փոփոխություն». Մարտիրոսյանը՝ ԲՀԿ-ի որոշումից

«Ինձ համար երբևէ մեծ, էական նշանակություն չի ունեցել որևէ քաղաքական ուժի ֆորմալ իրեն որևէ դաշտում հայտարարելը, որքան ինձ համար միշտ նշանակություն է ունեցել, թե տվյալ քաղաքական ուժն ինչպիսի գործունեություն է ծավալում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ողջունում է ԲՀԿ-ի այսուհետ ընդդիմադիր դաշտում հանդես գալու որոշումը:
«« Բարգավաճ Հայաստանի» պարագայում պարզ էր, որ ի սկզբանե, նկատի ունեմ այս վերջին ժամանակահատվածը, երբ իրեն հայտարարեց այլընտրանք, ինքն ընդդիմադիր դաշտում էր գործում: Ոստի և ընդամենը տեղի է ունեցել բառերի փոփոխություն, բովանդակային առումով փոփոխություն չի եղել»,-նշեց Մարտիրոսյանը:
Հարցին, թե ինչպիսի ընդդիմություն կլինի ԲՀԿ-ը, նա ասաց. «չեմ կարող ասել, դա ժամանակը ցույց կտա, և բացի այդ կարծում եմ՝ դա ԲՀԿ-ի մեր գործընկերների մեկնաբանությունների կարիքն ունի ավելի շատ»: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցությանն, ապա կուսկացության փոխնախագահը շեշտեց. «Մենք միշտ ասել ենք, որ բոլոր այն հարցերի շուրջ, որտեղ կան ընդհանրություններ, մենք պատրաստ ենք համագործակցության»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ համագումարը, նախագահ ընտրվեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարեց, որ ԲՀԿ-ն այսուհետ ընդդիմություն է: Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարեց, որ լքում է կուսակցության նախագահի պաշտոնն ու հեռանում քաղաքականությունից: