Խնդիրների լուծման համար արմատական փոփոխությունները պարտադիր չեն. Գագիկ Մինասյան
“Կարեւոր եւ հրատապ խնդիրների լուծման համար այն կազմը, որ գործում էր, իր առաքելությունը կատարեց”,-այսօր, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով նոր կառավարության ձեւավորման հարցին, նշել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նա հավելել է, որ խնդիրների լուծման համար արմատական փոփոխությունները պարտադիր չեն:
Անդրադառնալով Եեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի` կապի եւ տրանսպորտի նախարար նշանակվելուն, Գագիկ Մինասյանն ասել է, որ նախկին քաղաքապետը իր առջեւ դրված խնդիրներն արդյունավետ կկատարի, որովոհետեւ ունի փորձ եւ կազմակերպչական կարողություններ:
Պատասխանելով Գագիկ Բեգլարյանի` Երեւանի քաղաքապետի պաշտոնից հեռացնելուն առնչվող հարցին եւ այն դիտարկմանը, թե Բեգլարյանն այժմ նախարար նշանակվեց, ՀՀԿ-ական պատգամավորն ասել է. “Ցանկացած գործչի գործունեության ընթացքում հնարավոր են խնդիրներ, սակայն դրանց պետք է ավելի լայն նայել”: Նա նշել է, որ եթե մարդը կրել է պատասխանատվություն, պետք է թույլ տալ, որպեսզի նա իր ընդունակությունները կենսագործի: “Կարծում եմ, Գագիկ Բեգլարյանը կրեց իր պատասխանատվությունը”,-նկատել է ՀՀԿ-ական պատգամավորը: