«Տեր-Պետրոսյանը գիտեր, որ Քոչարյանը կրակելու հրաման է տալու»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը երեկվանից հանրության լայն շրջանակներում զայրույթ է հարուցել:
Փոստանջյանն առանձին-առաձին անդրադաձավ նախորդ նախագահների պաշտոնավարման տարիներին, երբ օրինակ առաջին նախագահի ժամանակ փակվեց ՀՅԴ-ը, խոսքի ազատությունը սահմանափակվեց, փակվեց «Ազատություն» ռադիոկայանը:
Նա հիշեց երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիները՝ նորից տեղի ունեցան հարձակումներ քաղաքական գործիչների նկատմամբ, հարյուրավոր մարդիկ բանտախցերում հայտնվեցին, փակվեց Ա1պլյուսը :
«Սրանք այսպիսի նախագահներ են, որոնք չեն ծառայել ոչ ժողովրդին, ոչ էլ ներկայացրել են հայ ժողովրդի շահերը: Հիմա այս մարդկանց ի՞նչ կարիք կա՝ նորից ինչ-որ ձև պատիվ մատուցելու կամ խրախուսելու, ընդհակառակը պետք է ամեն ինչից զրկել այս մարդկանց»,-ասաց նա: Երրորդ նախագահն էլ, ըստ Փոստանջյանի` նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումներն՝ իր ապագա պաշոտնավարման համար:
Փոստանջյանը հիշեցրեց`Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր ինքը թող լինի վերջին զոհը, սակայն մարտի մեկին տնից դուրս չեկավ, իսկ երբ ասել էին, թե իրենք նրա անվտանգությունը կպաշտպանեն, առաջին նախագահն ասել էր, թե դա իմ ժողովուրդը չէ, դա ինքնաբուխ հավաք է, ինձ տնից դուրս գալու թույլտվություն չեն կայացրել:
«Այդ գիշեր 10 զոհեր եղան, այն դեպքում, երբ նա գիտեր իր կադրերին, բայց տնից դուրս չեկավ: Ինքը գիտեր, որ Քոչարյանը հրաման տալու է կրակել մարդկանց վրա, շատ լավ իմանալով՝ կարող էր դա կանխել ու դա չի արել»,-ասաց պատգամավորը, ապա անցավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով քննադատում է, տնտեսական վերլուծություններ անում, այն դեպքում, երբ նրա օրոք ՀՀ տնտեսությունն ամբողջությամբ փոխանցվեց ՌԴ-ին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հակադարձեց, թե չի կարելի սեփական ես-ը փաթաթել հասարակության զգացումներին և անհատական կարծիքը դարձնել մասսայական: «Ես պարզապես կարող էի զազրախոսությունն ընդհատել, բայց թողեցի մինչև վերջ, և ժողովուրդը տեսնում է՝ ովքեր ինչպիսի հոգեբանությամբ են արտահայտվում»,-նշեց ԱԺ նախագահը: