«Մենք թոշակի գնացողը չենք». Գ. Սահակյանն՝ իրենից ու վարչապետից
_142_1425394049.jpg)
«Վերջին հաշվով մենք պետություն ենք, իսկ հանրապետության նախագահները երաշխավորում են այդ պետությունը ամբողջ միջազգային կառույցներում` ներսում, դրսում. մենք անհատականացրեցինք ելույթները»,- ԱԺ նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծին: Գալուստ Սահակյանի պնդմամբ՝ պետք է խորհրդարանից դուրս գա «ում որ չեմ սիրում՝ նա նախագահ չէ» մոտեցումը, քանի որ նախագիծը անձին չէ վերաբերում, այլ նախագահական ինստիտուտին:
«Բնականաբար, եթե նախագահները 54-64%-ով են անցնում, մեկին կամ սիրում են կամ չեն սիրում. բերել անձնական ամբիցիաներն ու տեղադրել ԱԺ-ում սեփական փիլիսոփայությունը մատուցելու հատկությունը, կարծում եմ՝ ճիշտ չէ, երբեք չէի մտածել, որ էս օրենքն այսքան երկար պիտի տևի»,-ասաց Սահակյանը՝ ընդգծելով, որ իրենք այն են շեշտում, որ նախագահի ինստիտուտը պետք է հարգել:
«Դուք պատկերացնու՞ւմ եք, որ որոշակի արտոնություններ չտրվեն այդ ինստիտուտին, իսկ ամբողջ աշխարհում դա այդպես է, ո՞ր պետությունն է մեզ հարգելու, ի՞նչ է նշանակում սիրում եմ, չեմ սիրում, Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաընդգծված քննադատներից մեկը ես եմ եղել, բայց ոչ անձի, այլ գործողություններ, ուրեմն դա նշանակում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեր պատմության մեջ որևէ դերակատարում չի՞ ունեցել, բա ամբողջ ժողովուրդը ինչպես ժամանակին հետևեց Տեր-Պետրոսյանի կոչերին, ինչպե՞ս անկախացանք, ինչպե՞ս պատերազմը հաղթեցինք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բոլորն էլ մարդիկ են, և հնարավոր է թերություններ ունենան:
ԱԺ նախագահը կոչ արեց հարգել ԱԺ ամբիոնը և նախագիծն անձնական դաշտ չտեղափոխել: Անդարադառնալով պատգամավորների բարձրացրած արտոնությունների խնդրին Սահակյանը նկատեց. «Է հա, եկեք ԱԺ նախագահին էլ, վարաչետին էլ, պատգամավորներին էլ նույն արտոնությունից թող օգտվեն, բայց էս օրենքն ընդամենը փոփոխություն է, նոր օրենք գրեք, դա էլ արեք, ինչո՞ւմն է բանը… Հումորով ասեմ, որ էս օրենքը չի կարող ԱԺ նախագահին ու վարչապետին վերաբերել, որովհետև մենք թոշակի գնացողը չենք»,-ասաց նա: