Հանդիպման անհրաժեշտությունը չկա, որովհետեւ մենք մեր կարծիքն ամեն օր չենք փոխում. Գալուստ Սահակյան
“Հանդիպման անհրաժեշտությունը չկա, որովհետեւ մենք մեր կարծիքն ամեն օր չենք փոխում: Մենք մեր կարծիքն արդեն տասներկու տարուց ավելի է, պատասխանել ենք մեր հիմնավորումներով: Առավել եւս, Ընտրական օրենսգրքի տարբեր տարիների փոփոխությունների քննարկումների ժամանակ նույնպես արտահայտել ենք մեր տեսակետը”,-այսօր Henaran.am-ին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին եւ կառավարման խորհրդարանական ձեւին անցնելու հարցերի շուրջ քաղաքական քննարկումներ սկսելու ԲՀԿ-ի առաջարկին:
Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանն արձագանքել են ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, “Ժառանգությունն” ու ՕԵԿ-ը, վերջինս եւս չի հրաժարվել հանդիպումից, իսկ առաջին երեք կուսակցությունների հետ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանն արդեն հանդիպել են:
Գալուստ Սահակյանի խոսքով, Նաիրա Զոհրաբյանը դիմել է իրեն: “Մենք ոչ թե հանդիպում ուզում ենք կամ չենք ուզում, այլ այդ խնդիրներին արդեն հիմնավոր պատասխանել ենք, այլ հիմնավորումներով դեռ հայտարարություններ չկան”,-մեզ հետ զրույցում շարունակել է Գալուստ Սահակյանը եւ հավելել.”Այդ հայտարարության տեքստը այնպիսին չէ, որ մենք մեր կարծիքը փոխենք եւ գնանք քննարկելու”:
Մեր դիտարկմանը, թե փաստորեն, այս հարցի շուրջ ստեղծվել է կոնսենսուսային իրավիճակ, Գալուստ Սահակյանը պատասխանեց.”Դա էլ եմ բնական համարում, որովհետեւ եթե այլ քաղաքական ուժեր կարող են առաջնորդվել նաեւ ցանկություններով, “Հանրապետականն” իրավունք չունի ցանկություններով առաջնորդվել, նա առաջնորդվում է պատասխանատվությամբ: Բացի այդ, դեռ այդ կոնսեսենսուսն էլ չկա, առայժմ պայքարում են, որ տեսնեն, թե այդ հայտարարության հեղինակային իրավունքն այս տարիներին ում է պատկանում”:
Գալուստ Սահակյանի խոսքով, այս քայլն ընդամենը մարտավարական է, որը նախագահական ընտրություններից առաջ քաղաքական ուժերին ակտիվացնում է:
“Մինչեւ այսօր կռվում էին, հիմա փորձում են այս ճանապարհով ակտիվություն դրսեւորել”,-եզրափակել է Գալուստ Սահակյանը: